ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶԻՆՎПՐՆԵՐԸ ԶПՀՎԵԼ ԵՆ «ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ․ ԿՀՎ

ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչությունը գաղտնազերծել է իր զեկույցներից մեկն այն մասին, որ խորհրդային զինվորները զոհվել են չբացահայտված թռչող օբյեկտի հետ հանդիպումից հետո։ Գաղտնազերծված փաստաթուղթը հրապարակվել է ԿՀՎ կայքում։ Համաձայն զեկույցի, կանադական Weekly World News շաբաթաթերթում գրվել է, որ Կենտրոնական Հետախուզական վարչությունը ԽՍՀՄ փլուզումից եւ Միխայիլ Գորբաչովի հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել 1991 թվականին, ստացել է բազմաթիվ նյութեր խորհրդային Պետանվտանգության կոմիտեի տվյալներից, որոնց մեջ եղել է նաեւ 250 էջանոց փաստաթուղթ, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչպես են «այլմոլորակայինները» Սիբիրում հարձակվել խորհրդային զորամասի վրա։

Փաստաթղթում ոչ միայն վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ ու գծագրեր են եղել, այլ նաեւ դեպքին մասնակիցների եւ ականատեսների վկայություններ ու ցուցմունքներ։ Համաձայն այդ նյութերի՝ 1989-90 թթ վերոնշյալ զորամասի երկնքում չբացահայտված թռչող օբյեկտ է հայտնվել ափսեի տեսքով, որը խոցվել է «երկիր-օդ» տիպի հրթիռով։ Օբյեկտն ընկել է բազայից ոչ հեռու։ Դրանից դուրս են եկել անհայտ, ոչ մեծ չափսեր ունեցող հումանոիդներ, որոնք ունեցել են մեծ գլուխներ եւ մեծ սեւ աչքեր։ Հումանոիդները մոտեցել են խորհրդային զինվորներին եւ ձուլվել՝ դառնալով մեկ ընդհանուր օբյեկտ։ Այն ունեցել է օվալաձեւ տեսք եւ սկսել է ուժգին ձայն արձակել ու վառ լուսավորվել։ Մի քանի վայրկյան անց այն ավելի վառ լույս է արձակել ու պայթել։ Այդ պահին տեղում գտնվող թվով 23 խորհրդային զինվորները, որոնք դիտել են տեղի ունեցողը, քարացել են, դառնալով քարե սյուներ։ Զեկույցում նշվում է, որ «քարացած զինվորականներին» եւ «թռչող ափսեի» մնացորդները տեղափոխել են Մոսկվայի մոտակայքում գտնվող գաղտնի գիտահետազոտական կենտրոն։ ԿՀՎ-ի փաստաթղթում նշվում է, որ եթե այս ամենն իրականությանը համապատասխանում է, ապա տեղի ունեցածը չափազանց տագնապեցնող ու մտահոգիչ է։ Նշենք, որ Սիբիրում տեղի ունեցած միջադեպի մասին այլ տեղեկություններ չկան։ Որպես տեղեկատվության աղբյուր է ներկայացվել «Տերնոպոլյան երեկոյան լուրեր» պարբերականի՝ «Տիեզերական վրիժառություն» խորագրով հոդվածը։

 

Կիսվել սոց․ ցանցերում