Հայաստանում հոգեբանների, հոգեբանական կենտրոնների դերը հիշում եւ կարեւորում են տարբեր աղետներից, ծանր տրավմաներից հետո։ Թեեւ դժվար է ասելը, թե որքանով է մեր երկրում ձեւավորվել հոգեբանի ծառայություններից օգտվելու մշակույթ։
2020թ. արցախյան պատերազմից հետո հաջորդ մեծ փորձությունը, որը բաժին ընկավ մեր ժողովրդին, 2023թ. սեպտեմբերի 19-ին արցախցիների բռնի տեղահանությունն էր, որի ժամանակ եւս քիչ զոհեր չեղան։ Տեղահանությունից հետո արցախցիների՝ Հայաստան տեղափոխվելը, տուն-տեղ, հարազատներ կորցնելը պետք է որ անմիջապես հայտնվեր հոգեբանների ուշադրության կենտրոնում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը lragrogh.com-ը հղել էր հետեւյալ հարցումը. «Խնդրում ենք մեզ տեղեկացնել՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախից բռնի տեղահանված արցախցիների հետ իրականացվե՞լ են հոգեբանական աշխատանքներ, կա՞ն հոգեբանների խմբեր, որոնք, օրինակ, աշխատում են հարազատներ կորցրած, ծանր տրավմա ապրած արցախցիների հետ»։
Նախարարությունից մեզ արձագանքել են. «Ի պատասխան Ձեր 17.04.2025թ. Մ/ 18116-2025 գրության՝ տեղեկացնում ենք, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ իրականացվել են անհատական եւ խմբային հոգեբանական աշխատանքներ։ Առաջնային հոգեբանական օգնություն է տրամադրվել ոլորտի ՀԿ-ների, ասոցիացիաների, ինչպես նաեւ՝ անհատ հոգեբանների համագործակցության արդյունքում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում շուրջօրյա խնամք է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 121 շահառու։ Ի թիվս վերջիններին տրամադրվող մի շարք ծառայությունների՝ շահառուները ստանում են նաեւ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն։
Տեղեկացնենք նաեւ, որ հատուկ կարեւորություն է տրվում տեղահանվածների հետ աշխատանքներում ընդգրկված հոգեբանների եւ սոցիալական աշխատողների վերապատրաստմանը՝ հաշվի առնելով տեղահանված եւ մարգինալացված բնակչության հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները։
Մասնավորապես, 2025թ. երկրորդ կիսամյակում նման ուղղվածությամբ վերապատրաստում է իրականացվելու Վորլդ Վիժն կազմակերպության հետ համագործակցությամբ հետեւյալ երկու ծրագրերի շրջանակում.
- ՌԱՅԶ ծրագիրը՝ ուղղված տեղահանվածների սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը։
- Տեղահանված եւ մարգինալացված բնակչության համար սոցիալ-հոգեբանական ծառայությունների բարելավում (ֆինանսավորում է GIZ-ը)»։
