Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կոչ է արել բռնության բոլոր ձևերի նկատմամբ դրսևորել զրո հանդուրժողականություն՝ առանց տարբերակելու բռնություն գործադրողին կամ տուժողին։ Այս մասին նա նշել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հատկապես բուժաշխատողների, մասնավորապես՝ շտապօգնության թիմերի հանդեպ տեղի ունեցող բռնություններին։
Նախարարի խոսքով, վերջին ժամանակներում արձանագրված դեպքերն արդեն ստիպում են խոսել համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ քննարկվում է շտապօգնության մեքենաներում տեսախցիկների տեղադրման հարցը։ Սա թույլ կտա ոչ միայն արձանագրել հնարավոր միջադեպերը, այլ նաև ապահովել ավելի հստակ պատկեր ստանալ տեղի ունեցող իրադարձություններից։
Բացի դրանից, Ավանեսյանը ընդգծել է, որ ոլորտի մասնագետների հետ պետք է քննարկել նաև անձնակազմի ինքնապաշտպանության հնարավորությունները՝ ուսումնասիրելով միջազգային փորձը և պարզելով, թե ինչպիսի պաշտպանական միջոցներ կարելի է կիրառել։
Խոսելով անվտանգության ապահովման ձևաչափերի մասին՝ նախարարը նշել է, որ շտապօգնության մեքենաների ուղեկցումը ոստիկանության կողմից անհրաժեշտ չի համարում, քանի որ դա կարող է ավելորդ տագնապ առաջացնել քաղաքացիների մոտ։ Փոխարենը նախարարությունն ուսումնասիրում է այլ տարբերակներ՝ մոտ ապագայում անվտանգության բարելավման վերաբերյալ նոր առաջարկներով հանդես գալու նպատակով։
Ավանեսյանի խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում համապատասխան քննարկումները կամփոփվեն, և կառաջարկվեն առավել արդյունավետ ու գործնական լուծումներ շտապօգնության ծառայության աշխատակիցների պաշտպանության համար։
