Քաղաքացու ու hայաստանցու շահից է բխում, որ քաղաքում ընտրվի կենտրոնական իշխանության թեկնածուն, այլ ոչ թե գործակալական ուժեր ու անհասկանալի օրակարգերով մարդիկ․ Էդուարդ Ավետիսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Հատկապես ընդդիմադիր ընկերներիս կխնդրեմ կարդալ։ Միևնույն է արդեն ընտրած կլինեք ու դժվար թե այս գրածը ազդի ձեր քվեարկելու կողմնորոշման վրա։

 

Այն մասին, թե ինչի են էս ընտրությունները գրեթե այնքան կարևոր ինչքան ԱԺ ընտրությունները ու ինչի է այդքան շեշտվում անկախության ու ինքնիշխանության ամրապնդման մասին։

 

Հիշո՞ւմ եք, որ 2020 պատերազմից մի 10 օր առաջ dossier-ի կողմից հոդված դուրս եկավ ԿԳԲ-ից արտահոսքով, որտեղ հետսովետական մի շարք պետությունների վրա գործակալների ազդեցության մասին էր խոսվում։ Անդրադարձ կար նաև Հայաստանին ու նամակագրություն, թե ոնց են պատրաստվում Նիկոլ Փաշինյանին (ածական էլ էին դրել` Борода) հեռացնել փափուկ ուժով (Միշիկի խոհանոցային եթերներով) ու չհաջողելու դեպքում հեռացնել կոշտ ուժով։ Կոշտ ուժը ո՞րն էր, իհարկե` Արցախի հարցը ու պատերազմը։ Ստատուս քվոն ռեզինի պես անվերջ ձգել չէր լինի ու բոլորը գիտեին այդ մասին, ներառյալ «նախկինները» ովքեր 2018 մայիսից սկսած վայրահաչում էին, թե Նիկոլը եկել է հողերը հանձնելու։

 

Իսկ արտահոսքից ակնհայտ էր դառնում, որ տարածքների հարցը լուծելու ու պատերազմ սկսելու հետ մեկտեղ, շատ հարմար է ձեռի հետ նաև ՀՀ-ում իշխանության հարցը լուծել։ Չէ՞ որ էս նոր քաղաքական ուժը եկել է իշխանության ոչ իրենց հովանավորությամբ ու կասկածներ ունեին, թե արևմուտքի հովանավորությամբ են եկել։ Բացի այդ նաև կրում են ժողովրդավար արժեքներ ու ժողովրդի աջակցություն ունեն։ Ո՞ւմ է պետք տարածաշրջանում ու հետսովետային տիրույթում ավտորիտար պետությունների շարքում ինչ-որ տարբերվող, ժողովրդավար ու առաջադեմ Հայաստան ունենալը։ Ո՞ւմ է պետք Հայաստանը, երբ այն իր էներգետիկ համակարգը մաս-մաս չի հանձնում ու անգամ դիվերսիֆիկացնում է։ Ո՞ւմ է պետք Հայաստանը երբ Մեղրին ու Սյունիքը չի փոխանակում (որը ուզում էին անել, բայց կանխվեց ու հոկտեմբերի 27 եղավ)։ Ո՞ւմ է պետք նմանատիպ Հայաստանը։ Պատասխանն է` հայերին է պետք։ Բայց դա պետք չէ ո՛չ հարևաններին, ո՛չ էլ ոխերիմ դաշնակիցներին և թշնամիներին։

 

2021-ին, երբ իշխանության լեգիտիմության մեծ հարց կար, եղան արտահերթ ընտրություններ ու նախկին իշխանությունը բավականին կոնսոլիդացված էր։ Նրանք իրենց կապիտալի հարցն էին լուծելու (որով հիմա ամեն շաբաթ գույքի բռնագանձման մի մեծ հայց է լինում), համ էլ ունեին դրսից աջակցություն։ Իսկ դրսից աջակցություն ունեն, որովհետև դրսի այդ ուժերի հետ նույն որակի մարդիկ են, վաղեմի ընկերներ են, բազմաթիվ սև գործարքներ են կատարել հայ ժողովրդի մեջքի ետևում ու երկուսն էլ կշահեին, եթե այդ ուժերը վերադառնային իշխանության։ Կշահեին` հայ ժողովրդի հաշվին։

 

2021-ի Քոչարյանի հրապարակի մեծ հավաքը վստահորեն սթափեցրեց հայերին ու զգոնությունը բարձրացրեց նրանով, որ հավաքի առաջնորդները մոտ են իշխանությանը վերադառնալով։ Ու այո, գուցե նաև դրա հաշվին ՔՊ-ն 2021ին հավաքեց 54%։ Բայց սա հստակ ուղերձ էր, որ անկախ պատերազմի ելքից, ՔՊ-ն ավելի ցանկալի ու պահանջված ուժ է, քան նախկինները։ Իսկ հիմա, կարծում եք այդ ուժերը չքվեցի՞ն, հովանավորները չքվեցի՞ն։ Էլ Հայաստանը էս տարածաշրջանային խաչմերուկում հետաքրքրություն իրենց չի՞ ներկայացնում։ Թե՞ էս անգամ էլ մայրաքաղաքի կարևորագույն ընտրություններում իրենց կոնսոլիդացված թեկնածուն անհայտ անունով դաշինքի անհայտ անունով թեկնածուն է (ոմն Թևանյան)։ Չէ, պարզապես 2021ի մեծ հավաքից դասեր քաղելով այս անգամ պայքարի մեթոդներն են փոխվել։ Հիմա վարվում է պրոքսի-պայքար` քաղաքական դաշտը լղոզելով։

 

Մի կողմից ինչ-որ խեղկատակ-գործարար է, ով քաղաքի կենտրոնում ռուսերենով բարձրախոսով քարոզչություն է անում
Մյուս կողմից Ռուբեն Վարդանյանն է, ով հստակ ասում է, որ Հայաստանը լավ կլիներ, որ ՌԴ գուբերնիա լիներ` Թաթարստանի պես։ Ինքը անձամբ չի երևում քարոզարշավին, բայց իր իսկ հիմնադրած ու բացահայտ աջակցած կուսակցությունն է, որ չգիտես որտեղից անսահմանափակ գովազդային ռեսուրս ունի ու իրենց պաստառները արդեն 2-3 ամիս է ինչ փակցված են քաղաքի բոլոր շենքերում, վերելակներում ու փողոցներում։

 

Մյուս կողմից քաղաքական ասելիք չունեցող, բայց լավ իմիջ ձեռք բերած ու անարդարության զոհի կերպարի մեջ մտած անձն է։ Ես չեմ կարող ձեզ փաստորեով ապացուցել, որ նա նույնպես արտաքին ուժերի ու գործակալների պրոյեկտ է։ Սակայն կարող եմ հիշեցնել, որ ասում է, որ չի համագործակցի ՔՊ-ի ու նախկինների հետ, բայց չի ասում, արդյո՞ք ՀՀԿ-ի կողմից սատարված անհայտ թեկնածուն իր համար նախկին է, թե՝ ոչ։ Չի ասում, արդյո՞ք ՀՀ-ն ՌԴ-ի գուբերնիա դարձնող քաղաքական ուժի մոտեցումները իր համար ընդունելի են, որ պատրաստ է իրենց հետ համագործակցել։ Արդյո՞ք հայհոյախառը եթերներ ունեցող, շանտաժով, ֆինանսական շորթումներով զբաղվող ու անհասկանալի օրակարգ ունեցող քաղաքական ուժի հետ կիսում է իր արժեհամակարգը։ Այս հարցերի պատասխանները կարող էին տրվել անցած շաբաթներին, ամիսներին ու տարիներին։ Բայց քանի որ չի եղել հստակ քաղաքական ասելիք, ընտրողի մոտ չկա նաև հստակ քաղաքական պատկերացում ու կանխատեսելիություն, թե էս մարդուն ընտրելը ինչ արդյունքի է բերելու։ Կա ընդամենը ճանաչված լինելու հանգամանք, մեկ ներկայացում ու մի 5 հարցազրույց։ Սակայն քաղաքականությամբ էդպես չեն զբաղվում։

 

Իսկ Երևանի քաղաքապետի ու ընդհանրապես երկրի մայրաքաղաքի ընտրությունները կարևոր են էնքանով, որ դրանք ցուցիչ են, ազդակ են, թե ժողովուրդը ինչ տրամադրություններ ունի ու հաջորդ, համապետական ընտություններին ինչ կարելի է ակնկալել։ Հայաստանի դեպքում` առավելևս, հաշվի առնելով, որ Երևանում է բնակվում երկրի գրեթե կեսը։ Ու պատահական չէ, որ արդեն որերորդ անգամն է, որ համայնքային ու համապետական ընտրություններին «նախկինների» մոտ սրացումներ են արտահայտվում։ Պատահական չէ, որ տարածաշրջանային իրավիճակը լարվում է։ Պատահական չէ, որ նոր պրովոկացիաներ ենք տեսնում, բախումներ ու առևանգումներ։ Էս ամենը կարող էր լինել ցանկացած պահի, բայց արվում է հենց այս պահին, որպեսզի հարված լինի կենտրոնական իշխանությանը ու բացասական տրամադրություններ ստեղծվի ժողովրդի մեջ։

 

Էս լարված ու անորոշ իրավիճակում, երբ ինքնիշխան Հայաստանից միջանցք են պահանջում։ Երբ դաշնակիցները քիչ ա չեն աջակցում, մի բան էլ քննադատում են։ Երբ սահմանին զորքեր են կուտակվում, Արցախում նոր մարտահրավերներ են ստեղծվում ու այս ամենը արվում է քաղաքական կարևոր ընտրության նախաշեմին, ապա այո, քաղաքացու ու հայաստանցու շահից է բխում, որ քաղաքում ընտրվի կենտրոնական իշխանության թեկնածուն, այլ ոչ թե գործակալական ուժեր ու անհասկանալի օրակարգերով մարդիկ։

 

Վստահորեն կարող եմ ասել, որ եթե դուք մտածում եք ձեր քաղաքի մասին ու ձեր երկրի մասին, ապա ձեր շահերից է բխում, որ վաղը ընտրված լինի կա՛մ կենտրոնական իշխանության մեծամասնությամբ ուժը, կա՛մ կենտրոնական իշխանության հետ կազմած կոալիցիան` երկրորդ-երրորդ ուժով` որպես հակակշիռ։ Ինչքան էլ դեմ լինեք գործող իշխանության այս կամ այն բացասական դրսևորումներին կամ մոտեցումներին, անասելի ավելի վատ պայմաններ կստեղծվեն բոլորիս համար, եթե ինչ-ինչ շանսով մեծամասնություն կազմեն օտարերկրյա շահերը սպասարկող ու թաքնված քաղաքական օրակարգերով ուժերը։ Այնպես էլ արդեն իսկ դժվարին վիճակում ենք, բայց այդ ժամանակ էլ ավելի կթուլանան Հայաստանի դիրքերը տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ։ Բացի այդ, եթե օտարերկրյա հովանավորությամբ ուժերը կարողանում են զգալի տոկոս հավաքել կամ իշխանություն վերցնել մայրաքաղաքի ընտրություններին, ապա դա նշանակում է, որ կարող են նույնը անել նաև համապետական ընտրություններին ու գուցե նաև գալ իշխանության։ Ուզո՞ւմ ենք, որ նման բան լինի ու երկիրը կառավարեն օտարերկրյա շահերով առաջնորդվող մարդիկ։ Ես որ չեմ ուզում։
Մեծ հույս ունեմ, որ ԼՀԿ-ն ու Հանրապետություն կուսակցությունները, կամ առնվազն նրանցից մեկը կհաղթահարի ընտրվելու մինիմալ շեմը ու վերջապես կկարողանանք դուրս գալ այս նախկին-ներկա-գործակալ արատավոր շղթայից։
Կիսվել սոց․ ցանցերում