Հայկ Մարությանը կգնա՞ «դпգացման» ու «ռոբոտացման» ճանապարհով՝ միևնույն ժամանակ ընտրողներին համոզելով, թե չի շեղվել հեղափոխական արժեքներից

2018-ին հեղափոխական թիմի կազմում  Երևանի ավագանու անդամ ընտրված ու քաղաքապետի պաշտոնը ստանձնած, ապա՝ հեռացված, նախընտրական շրջանում  քաղաքի «էֆեկտիվ կառավարումից» դժգոհած  Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, ՏԻՄ ընտրություններին մասնակցության իր հայտը ձևակերպելիս հայտարարել էր՝ դեմ է, որ մայրաքաղաքի «բախտը որոշեն անհասկանալի ու պատահական մարդիկ»։

50+1 տոկոս քվե ստանալու համոզմունքով ընտրապայքարի մեջ մտած նախկին քաղաքապետը, նկատենք, ստացել է իր ակնկալածից նկատելի ցածր տոկոս՝ նախնական արդյունքներով՝ 18.89%։  Սա Հայկ Մարության անձի, քաղաքացու, դերասանի անձնական վարկանիշը կարելի է համարել, քանի որ նրան առաջադրել էր հանրությանն անհայտ մի կուսակցություն, որի հանրային ճանաչելիության տոկոսը լավագույն դեպքում կարող է սկսվել «0 ամբողջով»։ Այնպես որ՝ քաղաքացին իր ձայնը տվել է ոչ թե Մարությանին առաջադրած  կուսակցությանը, այլ՝ քաղաքացի Մարությանին։  Կատակերգակը  գուցե այսքան՝ մինչև 20 տոկոս աջակցություն չունենար, եթե 2021-ին դրամատիկ մթնոլորտում չհեռանար քաղաքապետի պաշտոնից՝ հերոսանալով  «հեղափոխական արժեքներից շեղված»  քաղաքական թիմի ֆոնին։  «Դավաճան», «Արցախը հանձնող», «քաղաքի կառավարումը տապալած»  ՔՊ-ի կողմից «հեռացված» լինելու հանգամանքը, խոստովանենք, աշխատեց «Կարգին Հայկոյի» օգտին՝  ահագին «աչոկներ» ապահովեց, այնպես որ այդ՝ 18,89 տոկոսի մեջ պետք է հաշվել նաև ՔՊ-ի բացասական ռեյտինգը։

Հարկ է նկատել, որ 2018-ին «Իմ քայլը» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն էր Մարությանը, ստացել էր ֆանտաստիկ բարձր տոկոս՝ 81,05, և պարն Մարությանին թվում էր,  թե երևանցին կկրկնի 2018-ի ֆենոմենն ու «չլինի-չլինի»՝ 50+1 տոկոսով իրեն քաղաքապետ կդարձնի։ Քաղաքապետ դառնալու  ծանրաձողը, փաստորեն,  Մարությանի ուժերից վեր գտնվեց։

Քանի որ ընտրությունների նախնական պատկերը արդեն իսկ հայտնի է, ուստի այս պահի հետընտրական գլխավոր ինտրիգը առավելագույն ձայներ հավաքած  ուժերի կողմից կազմվելիք հնարավոր կոալիցիաներն են՝ հետևյալ համամասնությամբ՝ ՔՊ- 32.57% + «Հանրապետություն»- 11.32% և ընդդիմադիր բևեռի կողմից՝ «Մայր Հայաստան» դաշինք- 15.43% + «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 18.89% + «Հանրային ձայն» կուսակցություն-9,68%։ Հարկ է նկատել, որ «Հանրային ձայն»-ի կողմից արդեն իսկ կոալիցիա կազմելու առաջարկ է հնչել «Մայր Հայաստան»-ին և ԱԱԿ-ին,  ու եթե առաջարկն ընդունվի, ապա այս երեքը հնարավոր է ստանձնեն Երևանի կառավարումը՝ մեկ մանդատի առավելությամբ։  Սակայն, ինչպես ասում են, դեպքերից առաջ ընկնել դեռ պետք չէ՝ բավարարվելով նախնական որոշակի դիտարկումներով՝ հատկապես  Հայկ Մարությանի մասով։ Վերջինս,  նկատենք, նախընտրական շրջանում առնվազն երկու անգամ ի պատասխան հնարավոր կոալիցիաների մասին հարցին, հրապարակավ հայտարարել է, որ գործող իշխանության՝ ՔՊ-ի և նախկին իշխանության հետ գործակցությունը բացառում է։ «Ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրի», նաև հին իշխանությունների հետ նույնպես բացառել ենք համագործակցությունը»,- «Ազատության» եթերում օրերս հայտարարել էր նախկին քաղաքապետը։  Նույն միտքը Մարությանը հայտնել էր նաև ավելի վաղ, դարձյալ «Ազատության» եթերում՝ ֆեյսբուքյան ասուլիսում։

Հարկ է հիշեցնել նաև Մարությանի՝ նույն «Ազատության» հարցազրույցում հնչեցրած մեկ այլ միտք. «Մենք նպատակ ունենք քաղաքական դաշտը մի փոքր բուժել: Այսօր քաղաքական դաշտում կատարվում են շատ հիվանդագին պրոցեսներ, ես սրան անդրադարձել եմ, ուղղակի դիսկուրսը գոյություն չունի, պիտակավորումներ և ոչ մի բան: Մի խոսքով՝ ռեստարտ անել մեր քաղաքական դաշտը, որպեսզի պետությունը սկսի զարգանալ»: Հարցին՝ «Մի փոքրը նշանակում է՝ միայն քաղաքապետարանով կբավարարվե՞ք»՝ Մարությանն արձագանքել էր. «Չէ, բնականաբար, եթե մենք գալիս ենք, քաղաքական ուժ է հայտնվում դաշտում, որի հետ այլևս չեք կարող խոսել հներ, նորեր, այս կարգախոսներով, բնականաբար, արդեն պետք է լինի քաղաքական դիսկուրս»:

Արդ, արդյոք Մարությանը կընդունի՞ իրեն արված առաջարկը՝ կսեղմի՞  հների ներկայացուցիչ՝ նախկին նախագահ  Ռոբերտ Քոչարյանի սատարումը ստացած  Անդրանիկ Թևանյանի և «Հանրային ձայն»-ի առաջնորդ Վարդան Ղուկասյանի ձեռքը՝ այսպիսով խախտելով իր իսկ տված երկու խոստումները՝ բացառվում է կոալիցիան հների հետ, և երկրորդ՝ քաղաքական դաշտի առողջացում՝ ռեստարտ։ Չէ՞ որ  քաղաքական դաշտի ռեստարտը, ինչպես Մարությանն է կամենում, հնարավոր չէ այնպիսի քաղաքական ուժերի միջոցով, որոնց թիկունքում կանգնած են քաղաքական դաշտի ապականիչներն ու ուզուրպատորները,  չէ՞ որ քաղաքական դաշտի առողջացում հնարավոր չէ այնպիսի ուժի հետ մեկտեղ, որի  առաջնորդը քաղաքական բառապաշարի փոխարեն գործածում է լուտանք ու սեռական բնույթի հայհոյանքներ։ «Կարգին Հայկոն»  հիմա փաստի առաջ է կանգնած՝ կազմե՞լ կոալիցիա վերոհիշյալ կոնֆիգուրացիայով ու փաստորեն թույլ տալ, որ մեր բոլորի մայրաքաղաքի բախտը որոշեն «անհասկանալի ու պատահական մարդիկ», թե՞ ապացուցել, որ չի շեղվել հեղափոխական արժեքներից, սկզբունքային է ու  տված խոստմանը հավատարիմ։

Ե. Ա.

Կիսվել սոց․ ցանցերում