Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, իսկ վթարի հետևանքով սկսվել է մեծ քանակի մազութի արտահոսք, որը թափվել է Ողջի գետը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Դեպքի մասին տեղեկանալով ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կարգադրությամբ ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները։
Փրկարարները փորձել են անհրաժեշտ գործողություններ իրականացնել և դադարեցնել մազութի արտահոսքը, սակայն աշխատանքները բավականին դժվար են, քանի որ ամեն պահի կա նաև վտանգ, որ հնարավոր է դիզվառելիքով բարձված կցորդիչը հայտնվի գետում։
Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։
