Հրապարակվել է Չարլի Քիրքին սպшնողի լուսանկարը

ԱՄՆ Յուտա նահանգում շարունակվում են Դոնալդ Թրամփի կողմնակից, պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի սպանության մեջ կասկածվող անձի որոնումները։ 31-ամյա Քիրքը սպանվել էր Յուտայի համալսարանի մոտ ելույթի ժամանակ՝ պարանոցին ուղղված կրակոցից։

Իրավապահ մարմինները հայտնաբերել են ենթադրյալ հանցագործության գործիքը․ այն գտնվել է անտառապատ տարածքում, որտեղից կասկածյալը փախել էր՝ ցատկելով տանիքից։ Զենքը ուղարկվել է լաբորատորիա՝ փորձաքննության համար։

Քրեագետները հայտնաբերել են նաև կասկածյալի կոշիկի հետք, ձեռքի ափի մատնահետք և նախաբազկի հետքեր։ Նրանց հաջողվել է պարզել նաև կասկածյալի տեղաշարժը համալսարանին հարող տարածքում։

Իրավապահների հաղորդմամբ՝ միակ մահացու կրակոցը, ամենայն հավանականությամբ, արձակվել է այն շենքի տանիքից, որտեղից լավ տեսանելի է եղել համալսարանի բակը։ Կասկածվում է, որ մարդասպանը եղել է «մուգ հագուստով»։ Տանիքի վրա գտնվող անձը Քիրքի նստած վայրից գտնվել է մոտ 130 մետր (142 յարդ) հեռավորության վրա։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ իրավապահները նշել են, որ կասկածյալը արտաքինով նման է եղել ուսանողների մեծամասնությանը, ինչը նրան թույլ է տվել «լավ համադրվել համալսարանական միջավայրի հետ»։

Կիսվել սոց․ ցանցերում