Լրագրող Ռոբերտ Անանյանը գրում է․
30 հարց՝ Արցախում 30 տարի իշխած ռազմաքաղաքական էլիտային (ներկա և նախկին), Ռուբեն Վարդանյանի ասած 8 հոգուն, ովքեր սեպտեմբերի սկզբին իշխանություն փոխեցին։ Քանի որ հիմա հնարավոր չէ այս հարցերը ուղիղ տալ հասցեատերերին, գրում եմ այստեղ՝ պատասխանների ակնկալիքով։
1․ Ինչո՞ւ պարտադրեցիք հրաժարական տալ Արցախի ժողովրդի ընտրած վերջին նախագահ Արայիկ Հարությունյանին, ի՞նչ էիք մտադիր անել, ի՞նչ տվեց դա։
2․ Ինչո՞ւ սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում ընտրեցիք նոր նախագահ՝ Սամվել Շահրամանյանին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ընտրությունից օրեր առաջ ձեզ ուղերձ էր հղել՝ սպառնացել էր, որ պատերազմ է սկսելու՝ նոր նախագահ ընտրելու դեպքում։
3․ Ինչո՞ւ մինչև պատերազմը՝ անցյալ ամիսներին, Արցախը մերժեց Սոֆիայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնել։ Արդյո՞ք պատճառն այն էր, որ խուսափում էիք քննարկել Ադրբեջանի ինտեգրման ծրագիրը, և ի՞նչ տարբերակի շանս էիք տեսնում։
4․ Արդյո՞ք արևմտյան հարթակ Սոֆիա հանդիպման գնալու առաջարկը մերժել եք, որպեսզի Եվլախում հանդիպում անցկացնեք ռուսների միջնորդությամբ։ Ի՞նչ կապ ունի սեպտեմբերի 9-ի իշխանափոխությունը՝ ձևաչափերի մրցապայքարի հետ։
5․ Ռուսաստանը ճնշե՞լ է Ձեզ, որպեսզի Արևմուտքի միջնորդությամբ հանդիպումներին չմասնակցեք։ Գիտեմ որ այո, ասացեք՝ արդյո՞ք սպառնացել են պատերազմով, չեք հնազանդվել և պատերազմ են սկսել՝ Եվլախ տանելու նպատակով։
6․ Ռուսաստանն ի՞նչ շանտաժներ է կիրառել ձեր դեմ՝ կուլիսներում։ Մանրամասնեք՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև հիմա։ Կարո՞ղ եք նաև խոսել Սուսի, Աղավնոյի, Բերձոր քաղաքի հանձնման պարտադրանքից, Լաչինի միջանցքի երթուղին հարկադրանքով փոխելուց, Քարագլուխ բարձունքը հանձնելուց և բազմաթիվ այլ դրվագներից։
7․ Ինչո՞ւ ՀՅԴ-ի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Վիտալի Բալասանյանի, Աշոտ Ղուլյանի աջակցությունը վայելող Արցախի նոր իշխանությունը Ադրբեջանի հետ բանակցելու չգնաց սեպտեմբերի 19-ից առաջ, երբ Բաքուն դեռ չէր սպանել 200 արցախցու և վիրավորել 400 մարդու, գաղթական չէր դարձրել հազարավոր մարդկանց։
8․ Դուք վճռել էիք չբանակցել Ադրբեջանի հետ՝ նրա պայմաններով։ Ինչի՞ վրա էիք հույսը դրել, որ Ձեր այդ դիրքորոշումը չի դառնա պատերազմ սանձազերծելու և կապիտուլյացիայի առիթ։ Կա՞ր մի երկիր մոլորակի վրա, որը խոստացել էր Ադրբեջանի պատերազմի դեպքում ռազմական աջակցություն ցույց տալ և աջակցել Արցախին։
9․ Դուք չգնացիք բանակցության՝ տալով հարյուրավոր զոհեր, վիրավորներ գաղթականներ և նախապես իմանալով, որ ՀՀ-ն չի մտնելու պատերազմի մեջ։ Դուք գիտակցվա՞ծ եք գնացել այս ճանապարհով, և ի՞նչ արդյունք էիք սպասում։ Եթե ոչ, բա՞րդ էր կանխատեսել սա։
10․ Նախապես չէի՞ք հաշվարկել, որ չորս կողմից Ադրբեջանի զորամասերով շրջափակված, զինտեխնիկայի խիստ պակասություն ունեցող, Ռուսաստանի անվերապահ աջակցությունը չվայելող Արցախը 23 ժամ, 51 րոպեից ավելի չի կարողանալու դիմագրավել։ Եթե հաշվարկել էիք, ինչո՞ւ որոշեցիք պատերազմում ևս մեկ անգամ պարտվելուց հետո գնալ բանակցելու։
11․ Մինչև սեպտեմբերի 19-ը դուք շանս ունեիք զոհեր թույլ չտալ և այսօրվա քաոսը չստեղծել Արցախում և Հայաստանում։ Արդյո՞ք վախենում էիք, որ առանց պատերազմի ադրբեջանցու հետ բանակցության գնալով՝ Ձեզ դավաճան կասեին։ Ա՞յդ պատճառով առանց զոհեր տալու չգնացիք Եվլախ։
12․ Արդյո՞ք զոհեր և վիրավորներ տալու, փախստականների քարավաններ առաջացնելու գնով Եվլախում Ադրբեջանի հետ բանակցելն ավելի պատվավոր գործիչներ դարձրեց ձեզ։ Ձեր բնակչության կողմից ավելի մեծ հարգանք չէի՞ք վայելի՝ նրանց կյանքը խնայելով և այս սթրեսի, տառապանքի մեջ չնետելով նրանց։
13․ Սամվել Բաբայանը հիմա միակ գործիչն է, որը այս վիճակում նույնիսկ՝ ունի, պատրաստել է ծրագիր Ադրբեջանի հետ բանակցելու։ Մինչև սեպտեմբերի 19-ը նա խոսում էր Ադրբեջանի հետ Աղդամում համատեղ շուկա ստեղծելուց, հանքերը համատեղ շահագործելուց և այդ կերպ՝ Արցախին եկամուտներ բերելուց, Արցախի բանակը թեկուզ այլ անունով, բայց պահելու և այլ գաղափարների մասին։ Ինչո՞ւ նրան շանս չտվեցիք գնալ և Ադրբեջանի հետ բանակցել՝ խուսափելով պատերազմից։
14․ Ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ էլ ձեր բանակցելու դեպքում նորմալ արդյունքը երաշխավորված չէ։ Այդուհադերձ, Սամվել Բաբայանը մշակել է Ադրբեջանի հետ բանակցության ծրագիր և պետք է ներկայացնի հանրությանը։ Պատրա՞ստ եք գոնե հիմա թույլ տալ նրան՝ որպես Արցախի ներկայացուցիչ բանակցել Բաքվի կամ Շուշիի հետ։
15․ Ինչո՞ւ սեպտեմբերի 19-20-ի պատերազմի կանգնեցման մասին թղթում գրեցիք, որ Արցախում կան Հայաստանի Հնարապետության զինված ուժեր և կազմավորումներ, որոնք պատրաստվում եք զինաթափել և դուրս բերել։
16․ Ադրբեջանի զրպարտությունն է ՀՀ հասցեին, որ իր տարածք (նկատի ունի Արցախ) զորք ենք մտցրել և ինքը սեպտեմբերի 19-ին այդ պատճառով հարկադրված հակաահաբեկչական գործողություն է կատարել։ Եթե ամեն դեպքում՝ Արցախում կային ՀՀ զորքեր և զինտեխնիկա, և եթե դուք իրոք ճիշտն եք գրել, ինչո՞ւ եք պնդում, որ Հայաստանը ձեռքերը լվացել է։ Չէ՞ որ ՀՀ զինված ուժեր կային Ձեզ մոտ։
17․ Ձեզ մոտ մտահոգություն չառաջացա՞վ, որ Ադրբեջանը Արցախում ՀՀ զորքեր և զինտեխնիկա լինելու մասին ձեր նշումը կարող է օգտագործել Հայաստանի դեմ՝ ո՛չ միայն ՄԱԿ ԱԽ-ում արդարացնելու իր հակաահաբեկչական (իրականում՝ ահաբեկչական) գործողությունը, այլև՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա նախաձեռնելու համար։ Եթե առաջացավ այդ մտահոգությունը ինչո՞ւ գրեցիք։
18․ Եթե Ռուսաստանը և Ադրբեջանը հարկադրում էին ձեզ այդ կեղծ տեղեկությունը գրել, ինչո՞ւ չդիմադրեցիք։ Հիմա կամ ապագայում՝ կհայտարարե՞ք, որ խաղաղապահների և ադրբեջանցիների շանտաժի արդյունքում է այդ զրպարտությունը Հայաստանի հասցեին ներառվել սեպտեմբերի 20-ի թղթում։
19․ Ի՞նչ է բանակցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Շուշիում վերջին հանդիպման ժամանակ։
20․ Ձեզ բավարարո՞ւմ է Եվլախում ձեզ փոխանցված Ադրբեջանի ինտեգրման ծրագիրը։ Եթե չի բավարարում, ի՞նչ եք պատրաստվում անել։ Եթե բավարարում է, ի՞նչ պարամետրերից է բաղկացած լինելու այդ ինտեգրումը։
21․ Արդյո՞ք դուք համարում եք, որ Ադրբեջանի ներկայացրած անվտանգային, սոցիալ-տնտեսական երաշխիքները բավարար են, որպեսզի Արցախի հայերը մնան իրենց տներում և ապրեն։ Եթե բավարար չեն, քննարկո՞ւմ եք կամ պնդելո՞ւ եք տարհանման պլան։
22․ Ինչո՞ւ զինաթափվելուն համաձայնվելիս հնարավոր չեղավ գալ ընդհանուր հայտարարի, որ հայկական գումարներով գնված զինտեխնիկան դուրս բերվի Արցախից և բերվի Հայաստան, և չհանձնվի Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին կամ Հայաստանի դեմ ագրեսիվ վարք վարող Ադրբեջանին։
23․ Ձեզ մեղավոր զգո՞ւմ եք արդյոք տասնամյակներ շարունակ բանակցային պրոցեսում կարծր, մերժողական դիրք զբաղեցնելու, միայն անկախության նշաձող դնելու, կարգավորման տարատեսակ պլաններ մերժելու մեջ։ Եվ դրանով հանդերձ՝ պատերազմի չպատրաստվելու մեջ։
24․ Ճի՞շտ էր արդյոք Արցախի բոլոր իշխանություններին հատուկ այն լոզունգը, որ «Կկռվենք մինչև վերջ՝ կմեռնենք, բայց չենք լինի Ադրբեջանի կազմում ոչ մի դեպքում, նույնիսկ՝ պետական միավորվի նմանվող բարձր ինքնավարության ձևաչափով»։
25․ Ճի՞շտ որոշումներ էին՝ 44-օրյա պատերազմից հետո ԱԺ-ում Արցախին հարակից 7 շրջանների դէօկուպացիայի մասին օրենք ընդունելը, ՊԲ-ի հզորացման ծրագրերի մասին բարձրաձայնումը և թմբկահարումը, Ադրբեջանի դեմ մինչև անկախության հասնելը պայքարի մասին հրապարակային խոսքը, Զապոռոժիեի և Խերսոնի «անկախացման» օրինակով՝ աշխարհից Արցախի անկախություն ճանաչելու։
26․ Եթե ժամանակը հետ շրջելու հեքիաթային շանսը իրական լիներ, կհամաձայնվեի՞ք կարգավորման որևէ պլանի, և ո՞ր պլանին։ Բայց նախ և առաջ՝ համարո՞ւմ եք, որ սխալվել եք՝ 26 տարի մերժելով միջնորդ պետությունների պլանները, թե՞ արդյունքը բավարար է։
27․ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանը ձեզ հանդիպում էր և զգուշացնում, որ «Մադրիդյան փաստաթուղթը» չընդունելու դեպքում «Կարս-Կարս» երգի փոխարեն երգելու եք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ», ինչո՞ւ ականջալուր չեղաք ձեր իսկ շրջապատից դուրս եկած մարդու խոսքին և համաձայնություն չտվեցիք այդ ծրագրին։ Մի՞թե անվտանգային և իրավունքների մեխանիզմները ավելի լավը չէին լինի, քան երկու պատերազմում պարտվելուց հետո կա այսօր։
28․ Ընդունո՞ւմ եք, որ սխալվել եք՝ ապավինելով Ռուսաստանի «փրկիչի» կերպարին։ Եվ համոզվեցի՞ք, որ Ռուսաստանը չի օգնելու ձեզ և մեզ՝ Ադրբեջանի դեմ պատերազմում։ Գոնե հիմա համոզվեցի՞ք, որ սխալվում էիք, թե՞ Ռուսաց ցարին ուղղված նորանոր նամակներ դեռ կտեսնենք։
29․ Համարո՞ւմ եք արդյոք, որ 1988 թվականից մինչև օրս Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները Ձեզ համար արել են ամեն ինչ, թե՞ կարծում եք՝ Հայաստանը և ՀՀ քաղաքացիները կարող էին անել ավելին։ Հիմա ի՞նչ կարող ենք անել Ձեզ համար։
30․ Կա՞ մի բան, որի համար ներողություն կհայցեք Արցախի քաղաքացիներից։
Ցանկացած պահի պատրաստ ենք այս ու այլ հարցեր հնչեցնել նաև եթերով՝ պատասխանները ներկայացնել հանրությանը։ Կարող է հարց լինել՝ ինչո՞ւ ՀՀ քաղաքական ուժերի մասին չկա նշում։ Ի տարբերություն Արցախի ռազմաքաղաքական խավի ներկայացուցիչների, ՀՀ իշխանության և ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հետ հնարավորություն ունենում ենք հարցազրույցների, և տարաբնույթ հարցեր հնչում են։ Շատ կցանկանայի, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի որևէ ներկայացուցիչ իրեն ցանկալի ձևաչափով պատասխաներ այս հարցերին։
