Անիմացիոն ֆիլմ՝ հիմնված Արցшխի հերпս Ալեն Մարգարյանի «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հեքիաթի մոտիվներով

«Կինոմանիակ» ընկերությունը ներկայացնում է իր առաջին անիմացիոն նախագիծը՝ «Հեքիաթ Թունդայի մասին» ֆիլմը,  որը ստեղծվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի (նախկին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն) ֆինանսավորմամբ։ Նախագիծը ժամանակակից հայկական հեքիաթի էկրանավորում է և անիմացիայի միջոցով նոր սերնդին հայկական եզակի լեգենդներ փոխանցելու կարևոր մասնիկ։

Ֆիլմի սցենարի հեղինակն է Սերգեյ Կապկովը, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը, ռեժիսորը՝ Վերոնիկա Ֆյոդորովան, ով հայտնի է իր աշխատանքով «Անտառային փոքրիկ պատմություններ» ֆիլմում, իսկ պրոդյուսերը՝ Սերգեյ Հովսեփյանը («Վանդակավոր Զեբրա»)։

«Հեքիաթ Թունդայի մասին» անիմացիոն ֆիլմը հիմնված է Արցախի հերոս Ալեն Մարգարյանի «Բոլորիս Ալենի հեքիաթները» ժողովածուի պատմություններից մեկի վրա։ Սա զվարճալի պատմություն է՝ Ալեն Մարգարյանի «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հեքիաթի մոտիվներով, այն մասին, թե ինչպես է Թունդան փորձել տապալել Ամանորյա պարահանդեսը թագավորական պալատում, իսկ բարի փերիները որոշել են խանգարել նրան…Նախագիծը միավորում է հեքիաթային մթնոլորտը, ժամանակակից գեղարվեստական լուծումները և տոնական խորհրդանշանները՝ ստեղծելով յուրահատուկ պատմություն՝ բարիության, արդարության և ներողամտության մասին։

Ֆիլմի ստեղծագործական խումբը նպատակ ունի պահպանել հայկական ավանդական կերպարների ոգին՝ միաժամանակ ներկայացնելով նրանց նոր՝ համամարդկային հնչողությամբ։

Ֆիլմի արտադրությունը գտնվում է ակտիվ փուլում, իսկ թողարկումը նախատեսվում է 2026 թվականին։

Կիսվել սոց․ ցանցերում