Դեկտեմբերի 12-ին Երևանի ռեստորաններից մեկի մոտ Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից):
Կատարվում է նախաքննություն: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հիշեցնենք՝ «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի լեհ երկրպագուներ:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ լեհական «Լեգիա» ֆուտբոլային ակումբի 17 երկրպագու է ձերբակալվել Երևանի կենտրոնում հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Հիշեցնենք նաև՝ դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Լեգիա»-ի խաղը։
Երևանի «Նոա»-ն այդ խաղում հաղթանակի հասել է 2-1 հաշվով՝ ապահովելով իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
