Տրաքացնել կեղծ ընդդիմությանը
Հայաստանի քաղաքական դաշտում այսօր կա մի աղմուկ, որը սխալմամբ կոչվում է «ընդիմություն»։ Այդ աղմուկը բարձր է, բայց դատարկ։ Այն շատ է խոսում, բայց ոչ մի պատասխանատվություն չի վերցնում։ Այն քննադատում է ամեն ինչ, բացի սեփական ձախողումներից։
Որտե՞ղ է ձեր պատասխանատվությունը
Տարիներ շարունակ դուք եղել եք իշխանություն, որոշում կայացնող, պետության ճակատագիրը տնօրինող։ Իսկ այսօր՝ երբ ամեն ինչ այսպես է, հանկարծ դարձել եք «մեղմ քննադատներ», «ազգի փրկիչներ», «վերջին հույս»։
Բայց ժողովուրդը հիշողություն ունի։ Ժողովուրդը հիշում է.
ձեր կոռուպցիոն սխեմաները,
ձեր լռությունը ճակատագրական պահերին,
ձեր փախուստը պատասխանատվությունից,
ձեր սակարկությունները պետության հաշվին։
Քաղաքականություն, թե՞ շոու
Ձեր պայքարը գաղափար չէ, այլ բեմադրություն։ Ձեր ելույթները քաղաքական ծրագիր չեն, այլ տեսանյութերի սցենար։ Ձեր «ակցիաները» ոչ թե ժողովրդի ցավից են ծնվում, այլ վարկանիշի հաշվարկից։
Բայց կա ևս մեկ ճշմարտություն, որի մասին բոլորը գիտեն, բայց քչերն են բարձրաձայնում․ փողատեր, «ձվից հելած» ընդդիմությունները։
Դուք իշխանության չեք տենչում պետությունը փոխելու համար։ Դուք իշխանության եք տենչում՝
ձեր փողերը պաշտպանելու,
ձեր բիզնես շահերը վերականգնելու,
ձեր կորցրած լծակները հետ բերելու համար։
Ձեզ համար քաղաքականությունը ներդրում է, ոչ թե ծառայություն։ Ժողովուրդը՝ գործիք, ոչ թե նպատակ։ Իսկ հայրենիքը՝ ֆոն, որի վրա խաղում եք ձեր սեփական խաղերը։
Դուք չեք խոսում վեհ իրատեսական գաղափարներից և քաղաքացու առօրյա հոգսերից, որովհետև դա չէ Ձեր օրակարգը։ Դուք չեք խոսում լուծումներից, որովհետև սովոր եք միայն մեղադրել։
Ժողովրդի անունից խոսելու իրավունք էլ չունեք, ի՞նչ խոսեք
Ժողովրդի անունից խոսում է նա, ով պատասխան է տալիս։ Իսկ դուք երբեք պատասխան չեք տվել։ Ոչ մեկիդ չենք լսել, որ ասեք.
«Այո, մենք սխալվել ենք» «Այո, սա մեր մեղքն է» «Այո, մենք ձախողել ենք»
Դուք պահանջում եք իշխանություն՝ առանց վստահության, լեգիտիմություն՝ առանց անկեղծության, աջակցություն՝ առանց ճշմարտության։
Ժողովուրդը այլևս չի խաբվում
Այսօր հասարակությունը ավելի հասուն է, քան դուք եք կարծում։ Այն տարբերում է քննադատությունը քանդումից, ընդդիմությունը՝ դավադրությունից, պայքարը՝ շահարկումից։
Եվ հենց այստեղ է ձեր ամենամեծ խնդիրն՝ ժողովուրդը այլևս ձեզ չի հավատում։
Այսօրվա օրակարգը ոչ թե ընդդիմություն լինելն է, այլ կեղծ ընդդիմությանը մերկացնելը։ Ոչ թե աղմուկ ստեղծելը, այլ աղմուկը լռեցնելը։ Ոչ թե վախեցնելը, այլ ճշմարտությունն ասելը՝ բարձր, ուղիղ և առանց վարանելու։
Որովհետև երբ ճշմարտությունը խոսում է, կեղծ ընդդիմությունը լռում է։
Այսօր տրամադրություն չունեմ անդրադառնալ օրվա իշխանություններին։
Թող այսօր ցնծան, թող վայելեն պահը։
Ամեն օր այդ շանսը չի տրվում։
Այսօրվա օրակարգը ուրիշ է։
Վանիկ Նիկոյան
Ժողովրդի Ձայնը Լսելի Է
