ԼՂ-ում իշխանության եկած ուժերը տեսանք՝ ինչ «գեղեցիկ» ձևով Արցшխը հանձնեցին, կшպիտпւլյшցիшն եղավ իրենց ձեռքով. Մելքոնյան

«Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Արցախում, մեկ ամիս էլ չկա, որ իշխանությունը փոխվեց, և իշխանության եկած ուժերը տեսանք, թե ինչ «գեղեցիկ» ձևով Արցախը հանձնեցին: Այսինքն՝ կապիտուլյացիան, որի մասին իրենք խոսում էին միշտ, տեղի ունեցավ իրենց ձեռքով»:

Այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Հիմա ՀՀ-ն, մեր իշխանությունները մեր քույր ու եղբայրներին ընդունում ենք այստեղ, բոլորի համար կացարաններ են պատրաստված ժամանակավոր, նաև տարբեր շրջաններում են տեղաբաշխվում, որտեղ հարազատներ ունեն: Բայց փախստականի կարգավիճակ է տրվելու նրանց, և հնարավոր են նաև այնպիսի տարբերակներ, որ գյուղերում, որ բնակչությունը շատ քիչ է, այնտեղ տներ կառուցվեն իրենց համար, պետությունն ասել է, որ ամեն ձևով կաջակցի, կօգնի բոլորին»,- նշեց Մելքոնյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ն մինչև 2020 թվականի պատերազմը եղել է Լեռնային Ղարաբաղի երաշխավորը, որից հետո երաշխավորը դարձավ ՌԴ-ն՝ իր խաղաղապահ զորքով. «Նրանք ունեին հնարավորություն պահելու, բայց մենք տեսանք, որ չպահվեց: Այսինքն՝ միջանցքը փակվեց, հետո դրվեց անցակետ, այս ամեն ինչը դրանով է սկսվել»:

Դիտարկմանը, թե ռուսները ԼՂ են մտել Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, Մելքոնյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը հրադադարի պայմանագիր է ստորագրել: Հրադադարը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո, երբ նախատեսված էր, որ ՀՀ-ն պետք է զորքերը դուրս հանի, հանեցինք: Ինչ կետեր, որ կա այնտեղ, Հայաստանը կատարել է, այդ հրադադարը Ադրբեջանի, ՌԴ-ի կողմից չի կատարվել»:

Մելքոնյանը նաև նշեց՝ Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 15-ին ասել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է կազմում, դրանից հետո էլ վերահաստատել, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է:

«Մենք ունեցել ենք երեք նախագահ, ո՞րն է ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ: Միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ լուռումունջ ճանաչել ու ստորագրել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է, բայց այդ մասին չեն ասել ժողովրդին, պայմանագրերով Քիվեստից սկսած՝ ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում: Ժողովրդից վախեցել են ու չեն ասել, Փաշինյանն ասել է, որ էս է՝ Ադրբեջանի կազմում է Ղարաբաղը, դրանից առաջ Պուտինն է ասել դրա մասին»,- ասաց Մելքոնյանը:

Դիտարկմանը՝ ադրբեջանցիները հղում են անում Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ վերջինս ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, վերջինս արձագանքեց. «Ադրբեջանցիներն ուզում են խառնեն մեր երկիրն իրար, ուզում են ներքին կարգ ու կանոնը խաթարված լինի, և մենք գնանք քաղաքացիական պատերազմի»:

Հարցին, թե ՀՀ-ն պատասխանատվությունը գցո՞ւմ է երրորդ երկրի վրա, Մելքոնյանն ասաց. «Չի գցում, երրորդ երկիրն է պատասխանատվությունը վերցրել՝ համաձայն պայմանագրի, մեր սիրելի Պուտինն է այդ պատասխանատվությունը վերցրել իր վրա, եթե կհիշեք, ասում էր՝ նոյեմբերի 9-ի պայմանագիրը ես եմ գրել»:

Կիսվել սոց․ ցանցերում