Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ փաստին, որ Ադրբեջանն իրականացնում է կամայական ձերբակալություններ հայերի նկատմամբ:
«Պիտի արձանագրեմ, որ անցակետում և մինչև անցակետը տեղի են ունենում կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է, և պիտի արձանագրեմ, որ մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում, և սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ՝ մինչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:
ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:
