Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: 6-ը մահացել են։

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան: Մեկ չափահաս տեղափոխվել է ուղղաթիռով։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ բախվել են BMW և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները։

Կիսվել սոց․ ցանցերում