Մարությանին սատարող «Հանրային ձայն» խմբակցության անդամներից մեկը կшլшնքի տակ է, մյուսի գտնվելու վայրը հայտնի չէ․ Հայկ Մարությանին քաղաքապետ ընտրելու համար ընդդիմության անհրաժեշտ քվեները կարող են չբավականացնել

Եվ այսպես, Երևանի նորընտիր ավագանու առաջիկայում սպասվող  նիստի  գլխավոր ինտրիգը  քաղաքապետի ընտրությունն է։ Ավագանու կազմ անցած ընդդիմադիր ուժերի միջև կոալիցիան չի կայանում։  «Ազգային առաջընթաց»  կուսակցության ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ  Հայկ Մարությանի՝ «Մայր Հայաստան»-ին  և «Հանրային ձայն»-ին ուղղված «կոնստրուկտիվ» առաջարկն էլ՝  քաղաքապետ ընտրել իրեն՝ Հայկ Մարությանին, կարծեք գլուխ բերել չի հաջողվում։  Ընդդիմադիր այս ուժերը հայտնվել են Կռիլովի հայտնի  առակի հերոսների՝ կարապի, խեցգետնի և գայլաձկան կարգավիճակում և քաղաքապետ ընտրելու «բեռը», փաստորեն, չեն կարողանում «բաշխել» իրար մեջ։

Ուստի, ընդդիմությունը, դատելով վերջին հայտարարություններից,  որոշել է գործի դնել «պլան Բ»-ն՝ տապալել ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրվի և գնալ արտահերթ ընտրությունների։

«Մայր Հայաստան» դաշինքի այսօր տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, թե՝ դաշինքը «գտնում է, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն է, որի պարագայում հնարավոր է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը։ ․․․Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով, Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»։

Այժմ տեսենք, թե ինչ է նախատեսում ընտրական օրենսդրությունը քաղաքապետի ընտրության կարգի և արտահերթ ընտրությունների  մասով։

Ինչպես գիտենք՝ ավագանին կազմված է 65 հոգուց,  ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը միասին ունեն 32, իսկ վերոհիշյալ ընդդիմադիր   ուժերը միասին՝ 33 մանդատ։ Նշանակում է՝ 33 ձայն է հարկավոր քաղաքապետ ընտրելու համար։ Սակայն, ինչպես հայտնի է, «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամներից երկուսը՝ մասնավորապես  ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանը կալանավորված է, և քաղաքապետ ընտրելու դեպքում քվորումի խնդիր կարող է առաջանալ։

Նշենք, որ անհայտ է նաև ցուցակի երկրորդ համարի՝ Տիգրան Ուրիխանյանի գտնվելու վայրը․ նա օրերս իր ֆեյսբուքյան էջում «իշխանությանը  ցխելու» մասին կոչ էր արել, ինչից հետո ՔԿ-ն քրեական գործ հարուցեց։ Ուրիխանյանը չորս օր առաջ գրառում է արել իր ՖԲ էջում և հայտնել․ «Պատրաստվում եմ ինքնակամ ներկայանալ ՀՀ Քննչական կոմիտե։ Ակնկալում եմ ֆեյսբուքյան էջիս
ուշադրությամբ հետևող ՀՀ Քննչական կոմիտեի պարզաբանումը իմ կողմից հնչեցված կոչի առթիվ հարուցված քրեական գործի
վերաբերյալ։ Սպասում եմ առաջադրվող մեղադրանքին և դրանից բխող ձերբակալությանը։ Հեռախոսահամարս քննիչներին հայտնի է։
Մեղադրանքը ստանալու համար զանգահարել և նշել ներկայանալու օր ու ժամ»։

Մեր տեղեկություններով՝ մինչև այս պահը Ուրիխանյանը   չի ներկայացել ՔԿ։ Թե արդյոք մինչև հոկտեմբերի 10-ը՝ ավագանու առաջին նիստի օրը,  կներկայանա և դատավարական ինչ  կարգավիճակ կստանա՝ դեռևս հայտնի չէ։ Այսինքն, սա նշանակում է, որ Հայկ Մարությանին քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ ձայները այս պահի դրությամբ առնվազն երկուսով պակաս են։

Հիշեցնենք, որ  քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը:
Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:

Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: (Նշենք, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը օրերս գրել էր, թե Մարությանի առաջարկը՝ կամ ընտրել իրեն որպես քաղաքապետ, կամ գնալ նոր ընտրությունների, «իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի  քաղաքապետի ընտրվելուն»։

Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրության ԱՌԱՋԻՆ փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության ԵՐԿՐՈՐԴ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ընտրված է համարվում առավել կողմ ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն»)։

Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն`քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Այժմ անդրադառնանք Մարությանի ասած «պլան բ»-ին՝ նորընտիր ավագանու առաջին նիստին չներկայանալուն՝ քվորում չապահովելուն, քաղաքապետ չընտրելուն  և արտահերթ ընտրությունների գնալուն, ապա արտահերթ ընտրությունների գնալու համար պետք է կրճատվի ավագանու լիազորությունների ժամկետը։ Այդ իրավասությունը Կառավարությանն է։  Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե Երևան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին օրենքի   44-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:  Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:  Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

Կիսվել սոց․ ցանցերում