Հայաստանը պետք է երկու քայլ առաջ մտածի

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն այսօր քննարկում էր կազմակերպել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի <Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս> ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենշտեյնի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Թոմաս Թյոթլինգի հետ։
ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ գլոբալ մրցակցության սրման պայմաններում ներկա աշխարհակարգը բախվում է աննախադեպ ճնշման։ Քննարկման ժամանակ փորձ արվեց պատասխանել այն հարցերին, թե փոփոխվող նորմերի, միջազգային իրավունքի խախտման, վստահության անկման պայմաններում ինչպես պետք է նավարկեն փոքր պետությունները, որպեսզի երաշխավորեն իրենց անվտանգությունը։
Յակոբ Վոլլենշտեյնն անդրադարձավ արհեստական բանականության, անվտանգության, տնտեսության հետ կապված մարտահրավերներին՝ նշելով, որ նոր աշխարհակարգը պետք է հիմնված լինի տարբեր գաղափարների վրա։
Թոմաս Թյոթլինգը նկատեց, որ միջազգային համակարգը տարբեր փոխակերպումների է ենթարկվում, գերտերությունները շարունակելու են խախտել միջազգային իրավունքի նորմերը՝ առանց բացատրելու, թե ինչու են խախտում դրանք եւ ինչու չեն դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Հետո նա նշեց, որ Ծոցի երկրների օրինակը ցույց է տալիս, թե ինչպես պետք է հաղթահարել ճգնաժամերը։ Նրա կարծիքով՝ փոքր պետություններն ունեն նավարկելու շատ հնարավորություններ, խնդիրն այն է, թե ինչպես են մոտենում անվտանգության խնդիրներին՝ համապարփա՞կ, թե՞ ֆրագմենտավորված։ Եվ, ըստ այդմ էլ, փոքր պետության՝ հաջողության հասնելու հավանականությունը կախված չէ նրա բնակչությունից եւ տարածքից։ Անդրադառնալով Հայաստանին՝ Թյոթլինգը նշեց, որ մեր երկիրը վերափոխել է իր արտաքին քաղաքականության կորիզն ու սկզբունքները։
<Հայաստանը պետք է երկու քայլ առաջ մտածի, փոքր երկրների լծակը մարդկային ռեսուրսներն են։ Գերմանիային, օրինակ, պակասում է արտաքին քաղաքականության վերաբերյալ ռազմավարական մտածողությունը, որով նա տարբերվում է Ֆրանսիայից եւ Միացյալ Թագավորությունից։ Կարեւոր է, որ Դուք ունենաք Ձեր հայկական ռազմավարության ճանապարհը, ոչ թե պատճենեք ուրիշներից>,- ամփոփեց պարոն Թյոթլինգը։

Կիսվել սոց․ ցանցերում