Նոր կարգավորումներ՝ ուղղված ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանը

2025 թվականի ապրիլից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների, մասնավորապես թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանելու Եվրոպական Միության երկրներ: Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ եւ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք է հայտ ներկայացնեն Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար:

Օրենքների նախագծերով վերոնշյալ համակարգում գրանցման լիազոր մարմին է սահմանվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ): Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է տեսչական մարմնին, ստուգման և ԵՄ կանոնակարգերով հաստատված պահանջներին համապատասխանելու դեպքում ՍԱՏՄ-ն տնտեսավարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում և ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:

Վերոնշյալ կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ելնելով որոշակիության սկզբունքից՝ իրավական ակտերը, նաև Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դարձնելու նպատակով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր:

Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվեն Եվրոպական Միության կանոնակարգերի պահանջները: Դա երաշխիք կլինի միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում Եվրոպական Միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու հարցում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Կիսվել սոց․ ցանցերում