Ամեն մի համապետական ընտրություն հերթական անգամ բացահայտում, վեր է հանում Հայաստանի քաղաքական համակարգի պերճանքն ու թշվառությունը, համակարգ, որը ոչ միայն չձեւավորվեց անցած երեք տասնամյակների ընթացքում, այլ ավելի ձեւախեղվեց:
2021թ., հետպատերազմական շոկից հետո, երբ Հայաստանի սահմաններին դեռ շարունակվում էր հայ-ադրբեջանական հակամարտությունը, կրակոցներ ու զոհեր էին լինում, Երեւանի փողոցները պատված էին ԱԺ ընտրություններին մասնակցող բազմաթիվ կուսակցությունների առաջնորդների մեծադիր նկարներով ու վահանակներով, իսկ սոցցանցերը «պայթում » էին նրանց քարոզչական գովազդից: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցում էին հետեւյալ կուսակցություններն ու դաշինքները` «Արդար Հայաստան » , «Հայ ազգային կոնգրես » , «Քաղաքացիական պայմանագիր », «Զարթոնք » ազգային-քրիստոնեական, «Ազատություն » , «Պատիվ ունեմ», «Միասնական հայրենիք », «Համահայկական ազգային պետականություն », «Լուսավոր Հայաստան », «Մեր տունը Հայաստանն է », «Հանրապետություն », «Հզոր հայրենիք », «Ազատ հայրենիք», «Բարգավաճ Հայաստան », Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, « 5165 ազգային պահպանողական շարժում», «Քաղաքացու որոշում », «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Ազգային օրակարգ », «Վերելք », «Ազատական», Հայաստանի եվրոպական կուսակցություն, «Հայաստան դաշինք », «Ազգային- ժողովրդավարական բեւեռ », «Ինքնիշխան Հայաստան » քաղաքական ուժերը:
Նրանցից ոմանք, օրինակ` «Արդար Հայաստան »-ը, « 5165 ազգային պահպանողական շարժում»-ը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, ընտրություններից կարճ ժամանակ առաջ էին ստեղծվել եւ քաղաքական հայտ ներկայացրել: Թե ինչու չմասնակցեցին 2026թ. ԱԺ ընտրություններին` տարակուսելի է:
2026թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ունենք այլ պատկեր. ի հայտ են եկել նախկինում ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների կողքին տեսնում ենք նոր անուններ: ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն են` Ռեֆորմիստների կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ » ժողովրդավարական կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան » դաշինքը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Նոր ուժ » ռեֆորմիստական կուսակցությունը, «Միասնության թեւեր »-ը, «Բարգավաճ Հայաստան »-ը, «Ազգային- ժողովրդավարական բեւեռ »-ը, «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք » կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես »-ը, «Հանրապետություն »-ը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում »-ը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն »-ը, «Քաղաքացիական պայմանագիր »-ը, «Հայաստան » դաշինքը, «Առաջ » աջակենտրոն կուսակցությունը, «Հանուն Հանրապետության » ժողովրդավարների պաշտպանության դաշինքը, «Լուսավոր Հայաստան » կուսակցությունը:
Այսօր ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժեր, որոնք չնչին տոկոսներ են ստացել, ըստ ամենայնի, հինգ տարի հետո կլքեն քաղաքական ասպարեզը եւ կմոռացվեն: Նրանց նպատակը միայն կարճաժամկետ հեռանկարում դիվիդենտներ ձեռք բերելն է:
Իսկ հայ ընտրողին մնաց ընտրություն կատարել հին, ավանդական եւ նոր քաղաքական ուժերի` Սցիլայի եւ Քարիբդայի միջեւ:
Թագուհի Հակոբյան
