Հուշագիրն ավելի շատ անհրաժեշտ էր ԱՄՆ նախագահին. իրանագետ

 

Հունիսի  18-ին   Ամերիկայի   Միացյալ  Նահանգներն  ու  Իրանի  Իսլամական  Հանրապետությունը  ստորագրեցին  14  կետից  բաղկացած  փոխըմբռնման  հուշագիր,  համաձայն  որի` կողմերը  պարտավորվեցին   բոլոր  ճակատներում, այդ  թվում` Լիբանանում,  անհապաղ  դադարեցնել  ռազմական գործողությունները,  չսկսել  որեւէ   պատերազմ  կամ  որեւէ  ռազմական  գործողություն  միմյանց   դեմ,   զերծ  մնալ   միմյանց  դեմ   ուժի  սպառնալիքից  կամ  դրա  կիրառումից,  ինչպես  նաեւ  ապահովել  Լիբանանի  տարածքային  ամբողջականությունն  ու  ինքնիշխանությունը:

Իրանագետ  Էմմա  Բեգիջանյանը  lragrogh.com-ի  հետ  զրույցում  նշեց,  որ  հուշագիրն  անհրաժեշտ   էր  երկու  կողմերին,  ավելի   շատ` ԱՄՆ  նախագահ  Դոնալդ   Թրամփին,  քանի  որ  շուտով  Կոնգրեսի  միջանկյալ  ընտրություններն են,  նաեւ ` Ֆուտբոլի  աշխարհի  միջազգային  առաջնությունն էր,   որը  լրջորեն  ազդում  էր  համաշխարհային  տնտեսության  անկման վրա,  ԱՄՆ-ի  շահերից  ելնելով  դա  պետք է  կանխվեր:

« Գլոբալ  առումով  Իրանը  հաղթել է,  որովհետեւ   ո’չ  ԱՄՆ-ն,   ո’չ  Իսրայելը  չհասան  իրենց  նպատակին:  Իհարկե,  պատերազմի  նախաձեռնողը  եւ  նպատակամղված  կողմն  Իսրայելն  էր,  որը  կարողացավ  այն  ժամանակ,  երբ  ԱՄՆ-Իրան   բանակցությունները   բավականին   լուրջ   ձեռքբերումներ  ունեին,  ԱՄՆ-ին   համոզել,  որ  կարելի  է  պատերազմը  չորս   օրվա  ընթացքում  ավարտել:   Նա  համոզված  էր,  որ   շուրջ  45   ռազմաքաղաքական  առաջնորդների   վերացնելով`   Իրանում  կարելի է  հասնել   իշխանափոխության, եւ    կգա   Բենիամին  Նեթանյահուի  սրտի  իշխանությունը` նախկին  թագաժառանգը,  որը  հլու-հնազանդ  է  Նեթանյահուին:  Իրանն  ահռելի  նյութական  վնասներ  էր  կրել, տնտեսությունը   բավականին   ծանր  վիճակում էր, եւ  իրեն  անհրաժեշտ  էր  այդ  հուշագիրը:  Այդ  պատճառով  էլ  Պակիստանի  միջնորդությամբ  կողմերը  համաձայնության  եկան:  Սակայն  Իսրայելը  դեմ  է  դրան:  Եթե  60  օրում  չհասնեն  արդյունքի,  կարող են  դա երկարաձգել,  բայց  Նեթանյահուն կարող է քայլ անել եւ  զրոյացնել  արդյունքները:  Դրանք  շատ փխրուն  բանակցություններ են,  տարբեր  ելեւեջներ  ունեն:  Այսօր  կարող է  Թրամփը  հայտարարել, որ  առաջընթաց   ենք   գրանցել,   իսկ  վաղը  կարող  է  հայտարարել, որ  վերացնելու ենք  իրանական քաղաքակրթությունը »,- կարծում է  Էմմա  Բեգիջանյանը:

Կիսվել սոց․ ցանցերում