ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը հեղինակել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում: Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նիստում:
Հիմնական զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են ընդգծելու պետականության ամրապնդումը, ինքնիշխանությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
Զեկուցողը նշել է, որ ժամանակակից պետական համակարգում ազգային իղձերը վերափոխվել են պետական շահերի, և անհրաժեշտ է երդման սկզբնաղբյուրում «համազգային նպատակներ» ձևակերպումը փոխարինել Հայաստանի Հանրապետության հարատևության և զարգացման հանձնառությամբ:
Առաջարկվող նոր երդման տեքստն ունի հետևյալ բովանդակությունը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Ընդգծվել է, որ փոփոխությունների հիմքում ընկած է պետականակենտրոն մոտեցումը, որտեղ պատգամավորի գործունեության առանցքը պետության պաշտպանությունն է: Տեքստում հատուկ տեղ է հատկացվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, իսկ եզրափակիչ մասում «Փա՛ռք նահատակներին» ձևակերպման ավելացումը պետականության համար կյանքը զոհաբերած անձանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակ ունի: Արուսյակ Ջուլհակյանի համոզմամբ՝ փոփոխությունները կոչված են ընդգծելու պատգամավորի բարձր պատասխանատվությունը պետության առջև և նրան տալու հստակ ուղենիշներ հետագա գործունեության համար:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարակից զեկույցում կարևորել է օրենքի նախագիծը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ համահունչ փոփոխություն է նաև նախատեսվել կատարել Կառավարության անդամի երդման տեքստում:
Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
