Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Գյումրի քաղաքում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը:

Նախ ներկայացվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծվել է, որ առկա է 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ծանրաբեռնված օրերին տեղի են ունենում պարբերական անջատումներ։ Անհրաժեշտ է իրականացնել ջրամատակարարման համակարգերի արդիականացման ծրագիր:

Զբոսաշրջային կլաստերի ստեղծման շրջանակում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով Գյումրիում իրականացվել է շուրջ 6․6 մլրդ դրամի ներդրում: «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով» նախատեսվում է իրականացնել ևս 16․5 մլն դոլարի ներդրում զբոսաշրջային կլաստերի զարգացման ուղղությամբ։ Այս մասով առաջարկվում է ծրագրում ներառել Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը, որոնք կնպաստեն քաղաքի համաչափ զարգացմանը։

Հաջորդ խնդիրը վերաբերել է տնակների հարցի վերջնական լուծմանը: Ներկայացվել է, որ 01.07.2026թ. դրությամբ Գյումրիում առկա է 2465 տնակ: Նշվել է, որ նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքի նկատմամբ Կառավարությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություն: Այս մասով կարևորվել է նաև փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը, որպեսզի տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա:

Ինչ վերաբերում է Անի և Ավստրիական թաղամասերի 37 փողոցների ամբողջական հիմնանորոգման հարցին, նշվել է, որ ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքներ։ Առաջարկվում է զուգահեռ բարեկարգել նաև բակային հատվածները, կառուցել խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտեր և անցկացնել լուսավորության ցանց։

Առնակ Ավետիսյանը ներկայացրել է, որ ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում է ներառված նաև Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինական աշխատանքները: Ըստ այդմ՝ Գյումրի քաղաքի 180 կմ ճանապարհներից մոտ 70 կմ նախկինում հիմնանորոգվել է, իսկ մնացած մոտ 110 կմ խիստ անբարեկարգ վիճակում է։ Նշվել է, որ Գյումրիում տարեկան 25 կմ ճանապարհաշինությանն ուղղված պլանավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդրին, նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը: Ներկայացվել է նաև Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման հարցը, նշվել է, որ 25 կմ ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջարկվում է նաև դիտարկել քաղաքի 2 բանուկ մասերն իրար կապող միակ խիտ երթևեկությամբ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար։ Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ավտոկայանի կառուցման խնդրին։

Կիսվել սոց․ ցանցերում