Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը տեղյակ չի եղել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո իրեն ատրճանակ է նվիրել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է «Nieuwsblad» թերթը՝ նշելով, որ կառավարության ղեկավարն այդ մասին իմացել է միայն Բելգիա ժամանելուց հետո։
Ըստ պարբերականի՝ նվերը ստանալուց հետո Դե Վևերը փաթեթը փոխանցել է պատվիրակության անդամներին, և այն Բելգիա է հասցվել փակ վիճակում։ Բրյուսել ժամանելուց հետո պատվիրակությունը կարդացել է նորությունն այն մասին, որ Էրդողանը բոլորին նման նվեր է արել։
Նվերը բացելուց հետո Դե Վևերը զենքը հանձնել է ոստիկանությանը, այն այժմ գտնվում է օդանավակայանի չհրկիզվող պահարանում (սեյֆում)։ Դրա հետագա ճակատագիրը հայտնի չէ։
Ավելի վաղ «Politico»-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո որպես հրաժեշտի նվեր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային և ԵՄ երկրների առաջնորդներին փորագրված ատրճանակներ և մարտական փամփուշտներ է նվիրել։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում անցկացվել է հուլիսի 7-8-ը։
