Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։

Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։

ՆԳՆ կիբեռոստիկանությունը հորդորում է՝

• չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,
• չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
• «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։

«Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում