Ինչով էր զբաղված Տիգրան Թորոսյանը Մարտի 1-ի դեպքերից հետո

ՀՀ  Ազգային  ժողովի   նախկին   նախագահ  Տիգրան  Թորոսյանը,  որը  Արցախի  հարցով  տարբեր   ԶԼՄ-ների  հարցազրույցներ  տալիս  ներկայանում է  որպես քաղաքագիտության   դոկտոր,  մի  առիթով  Ֆրանսիայի  նախագահ  Էմանուել Մակրոնի  մասին  հայտարարել  է.   «Մակրոնն  իրեն  պահել էր  խուլիգանի  նման,  միայն  խուլիգանները  կարող են  գնալ   ուրիշ  երկիր  եւ կոպտորեն  միջամտել  նախընտրական  գործընթացներին:  Այլանդակություն  էր,  երբ  Մակրոնը   Շառլ  Միշելի  հետ  Բրյուսելում  Հայաստանի  ներկայիս  ղեկավարին  համոզեցին,  դրդեցին  մեջտեղ   բերելու  Ալմա  Աթայի  անհեթեթ  հռչակագիրը,  որի    հիման  վրա   էլ   Արցախը   ճանաչեցին    Ադրբեջան եւ  վերջ»:   Որ  տասնամյակներ   շարունակ  Արցախի  հարցով  պարազիտացած  քաղգործիչներ են  եղել, եւ  նրանցից  մեկն էլ  Տիգրան  Թորոսյանն է,  ոչ  մեկի   համար  նորություն  չէ:   Մարդը  տարիներ   շարունակ  իշխող  կուսակցության` ՀՀԿ-ի անդամ  էր,  Հոկտեմբերի  27-ից  հետո  դարձավ  ԱԺ  փոխնախագահ,  ավելի  ուշ` ԱԺ  նախագահ:  Թե  իր  պաշտոնավարման  շրջանում  ինչ է  արել  Արցախի  խնդրի  խաղաղ  կարգավորման  համար` պատմությունը  լռում է,  որովհետեւ  հլու-հնազանդ  ծառայում էր  Ռոբերտ   Քոչարյանին:

2008թ.  մարտի  2-ին  Ազգային  ժողովի  հատուկ  նիստում,  լինելով  ԱԺ նախագահ,  Տիգրան  Թորոսյանը  հավանության  է  արժանացրել  ՀՀ  երկրորդ   նախագահ   Ռոբերտ   Քոչարյանի   հրամանագիրը, որով   նա  20   օր   ժամկետով հայտարարել  էր  արտակարգ  դրություն:  Ըստ  այդ   հրամանագրի`  ԶԼՄ-ները  պետական  եւ   ներքաղաքական   հարցերի   առնչությամբ  կարող  էին  տեղեկատվություն   տրամադրել  բացառապես   պետական  մարմինների  կողմից  տրամադրվող   պաշտոնական  տեղեկատվության  սահմաններում:  Հենց  այդ  պատճառով  էլ  այն  ժամանակ մի  շարք  ընդդիմադիր եւ  չեզոք   թերթեր  20 օր լույս  չտեսան:

Մարտի  1-ի  ողբերգական   դեպքերից   ամիսներ  անց,  երբ  արդեն  Սերժ  Սարգսյանն  էր   ՀՀ  նախագահը,  Տիգրան  Թորոսյանը  հրաժեշտ  տվեց  իր պաշտոնին:  Սակայն  ոչ  ամենեւին  էլ   իր  սկզբունքայնության   պատճառով:  Պարզապես  «մավրն  արել  էր  իր  գործը,   մավրը  պետք է  հեռանար  »:  Իսկ այսօր  Տիգրան  Թորոսյանը  արդար  կվարվի,  եթե   խոսի,   թե  ինքն  իր   պաշտոնավարման  շրջանում  ինչ  ներդրում է  ունեցել,  ինչպես  է  մեր   երկիրը  հասցրել  այն  օրի,  որ  Մակրոնն  ու  Շառլ Միշելը  զերծ  չեն  մնում  մեր   ներքին  գործերին   միջամտելուց:  Իսկ  թե  Ռոբերտ   Քոչարյանի  եւ  ՀՀԿ-ի    իշխանավարման   տարիներին   ովքեր   եւ   ինչպես    էին  միջամտում  Հայաստանի  ներքին  գործերին` այլեւս  ոչ  մեկի  համար  գաղտնիք  չէ:

Թագուհի    Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում