Ազգային ժողովի 9-րդ գումարման ժամանակ՝ ԱԺ նախագահի ընտրության հարցի շրջանակում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրել է, որ նախկինում ասվել է, թե վենդետա չի լինելու, բայց հիմա հայտարավում է, որ լինելու է վենդետա, ապա այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը դիտարկում է արել, թե վենդետան միակողմանի չի լինում, վենդետան շարունակվում է անընդհատ:
Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է՝ հիշեցնելով, որ 2018-ին եկան իշխանության ու ասացին՝ վենդետա չի լինելու, քանի որ ցանկացածն իրավունք ունի ուղղվելու:
«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանությունները և նրանց հետ կապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը:
Այո՛, ես հայտարարել եմ և հիմա էլ եմ հայտարարում, որ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, և բոլոր այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն, պիտի պատժվեն, ովքեր չեն կատարել հանցագործություն, չպիտի պատժվեն:
Քաղաքական իմաստով նույնպես վենդետա է լինելու, բնականաբար, օրենքի շրջանակում, որովհետև քաղաքական ուժերը պիտի պատասխանատու լինեն գործողությունների համար»,- ասել է Ռուբինյանը:
