ՄԱՍԻՍԻՑ՝ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ․ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Մասիսի համայնքապետարանի 5-րդ հարկում գտնվող Էքս-ան-Պրովանսի անվան երիտասարդական կենտրոնը կրկին մարդաշատ էր․ նշվեց Երիտասարդության միջազգային օրը։
Օրվա խորհրդին նվիրված միջոցառումը կազմակերպել էին Մասիսի համայնքապետարանը, «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ» սոցիալ- կրթական հասարակական կազմակերպությունը և «Էրազմուս Ուսանողական Ցանց Երևան» (ESN Yerevan) հասարակական կազմակերպությունը։
Միջոցառմանը ներկա էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր և բազմաթիվ երիտասարդներ։
Նրանց ողջունեցին և օրվա առթիվ շնորհավորեցին Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը և համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը՝ կարևորելով երիտասարդների դերը համայնքի զարգացման, նոր գաղափարների առաջմղման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում։
«Միջազգային երիտասարդական համագործակցության հարթակ» խորագրով միջոցառման նպատակն էր խթանել երիտասարդների միջազգային համագործակցությունը, ներկայացնել կրթական, կամավորական և երիտասարդական ծրագրերի ընձեռած հնարավորությունները, նպաստել փորձի փոխանակմանը և ձևավորել նոր համագործակցային կապեր։
Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց գործունեությունը, միջազգային ծրագրերն ու երիտասարդների համար նախատեսված մասնակցության հնարավորությունները։
Տոնական և հագեցած օրվա ընթացքում երիտասարդները չմոռացան նաև իրենց շնորհակալությունը հայտնել համայնքապետարանին՝ երիտասարդների նկատմամբ ցուցաբերած ուշադրության, աջակցության և հոգածության համար։
