«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է վերանորոգել Գեղանուշի պոչամբարը շրջանցող՝ Գեղանուշ գետի ջրերը տեղափոխող թունելը

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է վերանորոգել Գեղանուշի պոչամբարը շրջանցող՝ Գեղանուշ գետի ջրերը տեղափոխող թունելը:  Նախագծիվերաբերյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն, իսկ հուլիսի 14-ին Կապանում անցկացվել է դրա վերաբերյալ հանրային քննարկում։

Թունելն ունի 1115 մ երկարություն և առավելագույնը 143,94 խմ/վ թողունակություն: Այն գտնվում է Գեղանուշ գետի կիրճում՝ հարստացուցիչ ֆաբրիկայից 1,5 կմ հեռավորության վրա, Գեղանուշի պոչամբարի հարավային պատվարի ստորին հատվածում:

Դեռևս 2023 թվականին ընկերությունը ներկայացրել էր Գեղանուշի պոչամբարի հյուսիսային և հարավային պատվարները 2,5 մետրով բարձրացնելու նախագիծ: Դրանով Գեղանուշ գետի թունելի նախագծի փոփոխություն նախատեսված չէր։ Սակայն շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության դրական եզրակացության փորձաքննական պահանջներից էր մինչև նախագծի սկսելն իրականացնել Գեղանուշ գետի ջրահեռացման թունելի ընդհանուր վիճակի, բետոնի հետնամասում առկա խորշերի ուսումնասիրություն, բետոնի որակի մանրակրկիտ հետազոտություն։

Փորձաքննական պահանջների շրջանակում իրականացվել է Գեղանուշ գետի ջրերը տեղափոխող թունելի ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ այն կապիտալ վերանորոգման կարիք ունի: Ըստ այդմ՝ ներկայացվել է թունելի վերանորոգման նախագիծը:

Նախագծում նշվում է, որ թունելը Գեղանուշ համալիրի հիմնական կառույցներից մեկն է, և նրա հուսալի ու անվտանգ աշխատանքը կարևոր նշանակություն ունի Գեղանուշի պոչամբարի հետագա շահագործման համար:

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գնահատմամբ՝ թունելն ունի ռիսկայնության միջին կարգ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թունելի որոշ տեղամասերում բետոնի երեսարկի հաստությունը չի համապատասխանում նախագծային ցուցանիշներին, և առկա վնասվածքները կարող են հանգեցնել տեղային փլուզման:

«Թունելի երեսարկի մեջ առկա ճեղքերը կարող են ժամանակի ընթացքում լայնանալ, ինչը կառույցը կդարձնի առավել խոցելի երկրաբանական և հիդրոստատիկ ճնշումների նկատմամբ»,- նշվում է նախագծում։

Թունելի նախագծային երեսարկի ամրության գնահատումը ցույց է տվել, որ այն ունի բավարար ամրություն երկրաբանական լարվածություններին և արտաքին հիդրոստատիկ ճնշումներին դիմակայելու համար։ Ուստի նոր երեսարկի կառուցման անհրաժեշտություն չկա, սակայն անհրաժեշտ է այն վերանորոգել ու հասցնել առնվազն նախագծային ցուցանիշների:

Նախագծի համաձայն՝ իրականացվելու են վնասված հատվածների վերականգնում, մետաղական տարրերի կոռոզիայի վերացում, երեսարկի հետևի խոռոչների լցում, երեսարկի վերջնական մշակում, թունելի հիդրավլիկ թողունակության հաշվարկ:

Վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Գեղանուշ գետը տեղափոխող թունելի անմիջապես ներսում, իսկ շինարարական նյութերի պատրաստման հարթակը գտնվելու է Գեղանուշի պոչամբարի հարավային պատվարի ստորոտում: Նախագծով այդպիսով կերկարացվի թունելի շահագործման ժամկետը:

Նախագծի փորձաքննական պահանջներից մեկն այն է, որ թունելի վերանորոգման աշխատանքներն իրականացվեն առանց ջրային հոսքի խոչընդոտման կամ շեղման, առանց գետի աղտոտման, կեղտաջրերի արտանետման, ինչպես նաև գետի հատակի ու ափերի փոփոխության:

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի / արխիվային

Կիսվել սոց․ ցանցերում