Բարձր է գնահատվել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և ՄԻՊ-ի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ցուցաբերած աջակցության և կառուցողական փոխգործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և կարևորել ձևավորված համագործակցության շարունակականությունն ու հետագա զարգացումը։

Դեսպան Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունն ու դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Անահիտ Մանասյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

Կիսվել սոց․ ցանցերում