Բժիշկը հերքել է տարածված միֆը․ մոծակները զпհին միայն արյան խմբով չեն ընտրում

Մոծակների համար մարդու արյան խումբը որոշիչ գործոն չէ։ Նրանց գրավում է մարդու կողմից արտադրվող տարբեր ազդանշանների ամբողջությունը։ Այս մասին «Газете.Ru»-ին հայտնել է բժիշկ-մաշկաբան Անաստասիա Ուֆիմցևան։

Մասնագետի խոսքով՝ արյան խումբը կարող է որոշակի դեր ունենալ, սակայն այն միակ և համընդհանուր չափանիշը չէ։ Հետևաբար, պնդումը, թե մոծակները հստակորեն նախընտրում են որևէ կոնկրետ արյան խումբ, չափազանց պարզեցված է։

Մոծակները հեռվից մարդուն հայտնաբերում են հիմնականում արտաշնչվող ածխաթթու գազի միջոցով, այնուհետև կողմնորոշվում են մարմնի ջերմությամբ, իսկ մաշկին մոտենալիս՝ քրտինքի և մաշկի միկրոբիոմի քիմիական բաղադրությամբ։

Մոծակի խայթոցի նկատմամբ օրգանիզմի արձագանքն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ոմանց մոտ առաջանում է մեծ այտուց և արտահայտված քոր, իսկ մյուսների մոտ՝ միայն փոքր կարմրություն։ Դա պայմանավորված է անհատական իմունային արձագանքով։

Բժիշկը նաև նշել է, որ որոշ դեղամիջոցներ կարող են փոխել քրտինքի և մաշկի արտազատությունների բաղադրությունը՝ հնարավոր դարձնելով, որ մարդն ավելի գրավիչ դառնա մոծակների համար։ Նման ազդեցություն կարող է քննարկվել նաև որոշ հորմոնալ դեղամիջոցների, վիտամինների և հավելումների դեպքում, սակայն ազդեցությունը կախված է բազմաթիվ գործոններից։

Մոծակների խայթոցներից պաշտպանվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել ռեպելենտներ, կրել փակ հագուստ, նվազեցնել մաշկի բաց հատվածները և վերահսկել այն վայրերը, որտեղ ջուր է կուտակվում։

Բժիշկը հատուկ ընդգծել է, որ մոծակներից պաշտպանվելու նպատակով նշանակված դեղորայքը ինքնուրույն դադարեցնել չի կարելի։

Կիսվել սոց․ ցանցերում