Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի (այսուհետև՝ օրենք) համաձայն՝ պլանային ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության հիման վրա ընտրված և տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված տնտեսավարող սուբյեկտների մոտ։
Ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումների, տեխնիկական զննության, գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտները գտնվում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության շրջանակում, որի համար Կառավարության կողմից հաստատվել են համապատասխան ստուգաթերթեր։
Այնուամենայնիվ, ռիսկի վրա հիմնված ստուգումների գործող մեթոդաբանությամբ Տեսչական մարմինը հնարավորություն ունի պլանային ստուգումներ իրականացնել միայն ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում, քանի որ մյուս նշված ոլորտների մասով ռիսկայնության չափանիշները և դրանց հաշվարկման մեթոդները սահմանված չեն։
Օրենքի 2.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է՝ հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը։ Ռիսկը գնահատող ռիսկայնության չափանիշներն ընտրելիս հաշվի են առնվել տվյալ ոլորտի տնտեսավարողների գործունեության կամ այդ գործունեության առանձին բաղադրիչների ծավալը, հաճախականությունը և ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև այդ ոլորտում ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերի հարցաշարերը:
Միաժամանակ, առկա է քաղաքաշինության ոլորտում քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության չափանիշներից մեկը՝ «Շինարարական աշխատանքների տեսակ» չափանիշը, արդիականացնելու և լրացնելու անհրաժեշտություն։
Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունմամբ տեխնիկական զննության, գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտներում պլանային ստուգումներ իրականացնելու նպատակով կսահմանվեն նշված ոլորտների ռիսկայնության չափանիշները և դրանց հաշվարկման մեթոդները։
Միաժամանակ, քաղաքաշինության ոլորտում կարդիականացվի և կլրացվի «Շինարարական աշխատանքների տեսակ» ռիսկայնության չափանիշը։
Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի Տեսչական մարմնի կողմից տեխնիկական զննության, գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտներում ռիսկի վրա հիմնված պլանային ստուգումների իրականացման համար։ Միաժամանակ, քաղաքաշինության ոլորտում կկատարելագործվի քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության գնահատման մեխանիզմը՝ «Շինարարական աշխատանքների տեսակ» չափանիշի արդիականացման և լրացման միջոցով։:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
