Ինչը ունի սկիզբ, ունի նաև ավարտ։
Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ավելի քան 8 տարի զբաղեցնել իմ իսկ գյուղի վարչական ղեկավարի պաշտոնը և ծառայել իմ համայնքին։
Այս տարիներն ինձ համար պարզապես պաշտոնավարման տարիներ չեն եղել։ Դրանք եղել են իմ կյանքի կարևորագույն տարիները՝ լի աշխատանքով, դժվարություններով, պատասխանատվությամբ, բայց ամենակարևորը՝ իմ գյուղի համար ինչ-որ բան փոխելու և օգտակար լինելու ցանկությամբ։
Այս տարիների ընթացքում միասին կարողացանք իրականացնել մի շարք կարևոր աշխատանքներ․
1. Գյուղի բոլոր փողոցներն ապահովվեցին լուսավորությամբ։
2. Ասֆալտապատվեց Շինարարների փողոցը, գերեզմանատան ճանապարհը, եկեղեցի տանող ճանապարհը և Չարենցի փողոցը։
3. Գազաֆիկացվեց Մշակույթի տունը։
4. Մանկապարտեզում բացվեց երրորդ խումբը։
5. Վերանորոգվեց հանդիսությունների սրահի առաջին հարկը։
Սակայն մեր աշխատանքն այսքանով չի ավարտվում։
Բոլորիս համար այդքան սպասված խմելու ջրի ծրագիրը շատ շուտով իրականություն կդառնա։ Ուրախ եմ, որ այդ կարևոր ծրագրի ճանապարհին ևս կարողացա իմ ներդրումն ունենալ և վստահ եմ, որ դրա արդյունքը մեր գյուղի համար զգալի փոփոխություն է լինելու։
Այսօր ես հրաժեշտ եմ տալիս վարչական ղեկավարի պաշտոնին, բայց ոչ իմ գյուղին և ոչ իմ համայնքին։
Իմ ճանապարհը շարունակվում է։ Համոզված եմ՝ այս տարիների ընթացքում ձեռք բերած փորձս ու գիտելիքներս հնարավորություն կտան օգտակար լինել և շարունակել ծառայել մարդկանց ու համայնքին։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են իմ կողքին, վստահել են, աջակցել, քննադատել ու օգնել ավելի լավ աշխատել։ Յուրաքանչյուրիդ խոսքն ու վերաբերմունքն իր տեղն է ունեցել այս ճանապարհին:
Պաշտոնը ժամանակավոր է, իսկ այն, ինչ անում ես քո համայնքի ու մարդկանց համար՝ մնայուն:
Ես հեռանում եմ պաշտոնից, սակայն շարունակում եմ մնալ ձեր համագյուղացին։ Եվ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ, այս գյուղը միշտ լինելու է իմ տունը:
Հարգանքով և շնորհակալությամբ՝
Ձեր համագյուղացի՝
Լիպարիտ Մարգարյան
