ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻ ՏԱԿ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵ՞Ր ԵՆ ԴՆՈՒՄ, ԹԵ՞ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐ ԴԻՐՔ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՈՐ ՄԵԶ ԼԱՎ ՖՌԹՑՆԵՆ
ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջերս մտածում էի մի պատկերավոր համեմատության մասին։
Պատկերացնենք՝ անտառում եղնիկ է։
Նրա շուրջը մի քանի որսորդ կա։
Բայց ոչ ոք չի կրակում։
Մեկը ջուր է տալիս։
Մյուսը ճանապարհ է ցույց տալիս։
Երրորդը ասում է՝ «Ես քեզ անվտանգություն եմ ապահովում»։
Չորրորդը ասում է՝ «Եկ միասին ճանապարհ կառուցենք»։
Հինգերորդը ասում է՝ «Եկ խաղաղությամբ ապրենք»։
Եվ եղնիկը կարող է նույնիսկ մտածել՝
«Ինչ լավ է, բոլորը իմ մասին են մտածում»։
Բայց պետական քաղաքականության մեջ հարցը պետք է լինի ոչ թե՝
«Ի՞նչ են նրանք ասում»,
այլ՝
«Ի՞նչ շահ են նրանք հետապնդում, և այդ շահը որտե՞ղ է հատվում Հայաստանի շահի հետ»։
Սա հակաամերիկյան մոտեցում չէ։
Հակաեվրոպական մոտեցում չէ։
Հակաթուրքական մոտեցում չէ։
Հակառուսական մոտեցում էլ չէ։
Սա պարզապես պետական ռեալիզմ է։
Հայաստանը չպետք է այնքան հիացած լինի իր շուրջ ձևավորված բարենպաստ հայտարարություններով, որ դադարի հարցեր տալուց։
Որովհետև միջազգային քաղաքականության մեջ երբեմն ամենավտանգավոր պահը այն չէ, երբ քեզ սպառնում են։
Ամենավտանգավոր պահը կարող է լինել այն, երբ բոլորը քեզ հետ շատ բարեհամբույր են։
Երբ բոլորը քեզ ասում են՝
«խաղաղություն»,
«զարգացում»,
«ներդրումներ»,
«ճանապարհներ»,
«կապակցվածություն»,
«նոր դարաշրջան»։
Այդ պահին պետությունը պետք է ոչ թե փակվի աշխարհից, այլ ավելի լայն բացի աչքերը։
Հայաստանը պետք է լինի բաց աշխարհի համար։
Բայց ոչ բաց՝ իր ինքնիշխանության հաշվին։
Պետք է լինի խաղաղասեր։
Բայց ոչ խաղաղության անվան տակ միակողմանի զիջումների հաշվին։
Պետք է լինի տարածաշրջանային կապերի կողմնակից։
Բայց ոչ սեփական ռազմավարական ենթակառուցվածքների վերահսկողությունը կորցնելու գնով։
Պետք է ունենա գործընկերներ։
Բայց ոչ գործընկերներ, որոնց շահը վերջնական արդյունքում դառնում է Հայաստանի փոխարեն Հայաստանի քաղաքականության սահմանողը։
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ՝ ԵՂՆԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Գուցե սխալ է Հայաստանը համեմատել եղնիկի հետ։
Որովհետև Հայաստանը եղնիկ չէ։
Հայաստանը պետություն է։
Ու հենց այդ պատճառով էլ պետք է ոչ թե վախենալ բոլոր որսորդներից, այլ հասկանալ նրանց շարժման ուղղությունները։
Ով գալիս է խաղաղությամբ՝ լսել։
Ով գալիս է ներդրումով՝ հաշվարկել։
Ով գալիս է ճանապարհով՝ պայմանները կարդալ։
Ով գալիս է անվտանգության առաջարկով՝ երաշխիքները պահանջել։
Ով գալիս է բարեկամության խոսքերով՝ գործերով ստուգել։
Եվ ամենակարևորը՝
ոչ մեկին չթողնել որոշել Հայաստանի փոխարեն, թե որն է Հայաստանի ազգային շահը։
Այսօր Հայաստանի դիվանագիտության առաջ, իմ գնահատմամբ, ամենամեծ խնդիրը ոչ թե աշխարհում դաշնակիցների պակասն է։
Այլ հակառակը՝ շատ խաղացողների միաժամանակյա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ։
Եվ այդ հետաքրքրությունը կարող է դառնալ մեր մեծ հնարավորությունը։
Բայց միայն այն դեպքում, եթե մենք հասկանանք մի պարզ բան.
Հայաստանը չպետք է լինի ուրիշների խաղի տարածքը։
Հայաստանը պետք է դառնա այն պետությունը, որի հետ բոլորը խաղ են կառուցում՝ հաշվի առնելով հենց Հայաստանի շահը։
Որովհետև աշխարհաքաղաքականության մեջ փափուկ բարձը նույնպես պետք է ստուգել։
Հատկապես այն ժամանակ, երբ շուրջդ շատերն են այն դնում։
Հ․Գ․ Աղոթենք Հայաստանի իշխանությունների համար, որ Աստված նրանց իմաստություն տա՝ ճիշտ տարբերակելու խաղաղության իրական հնարավորությունը այնպիսի պայմաններից, որոնք կարող են հետագայում թանկ արժենալ Հայաստանի պետականության համար։
Հ․Գ․Գ․ Թող Հայաստանը երբեք չդառնա ուրիշների աշխարհաքաղաքական հաշվարկների «դեմից խփած գազելը»։
Հ․Գ․Գ․Գ
Գուցե Իսրայելն էլ Հայաստանին ունի առաջարկներ, որոնք իսկապես կարող են բխել Հայաստանի շահից։ Այս բարդ տարածաշրջանում, որտեղ Հայաստանի շուրջ գերակշռում է մահմեդական աշխարհը, Իսրայելը մեզ համար կարող է լինել առանձնահատուկ բարեկամ ու գործընկեր՝ հաշվի առնելով նաև մեր ժողովուրդների պատմական ու կրոնական առանձնահատկությունները։ Ժամանակն է, որ Հայաստանը Իսրայելի հետ ուղիղ ու ավելի խոր համագործակցության նոր հնարավորություններ փնտրի։
Թող Աստված պահապան լինի Հայաստանին։
Վանիկ Նիկոյան
