Նավթի համաշխարհային գներն էապես նվազել են

Համաշխարհային շուկաներում արձանագրվել է նավթի և վառելիքի գների զգալի անկում։ Էներգակիրների լրացուցիչ մատակարարումների շուրջ ընթացող քննարկումների ֆոնին նավթի գներն ընկել են շուրջ 3%-ով, Եվրոպայում դիզելային վառելիքի ֆյուչերսները՝ ավելի քան 5%-ով՝ նվազեցնելով շուկայում առաջացած առաջարկի սուր պակասուրդի մտավախությունները։

Ըստ բորսայական տվյալների՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2,83 դոլարով (2,77%)՝ կազմելով 99,48 դոլար/բարել, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթը էժանացել է 3,35 դոլարով (3,61%)՝ հասնելով 89,52 դոլարի։ Շաբաթական կտրվածքով Brent-ն արձանագրել է 4,7%, իսկ WTI-ն՝ 3,1% անկում։

Միևնույն ժամանակ, Եվրոպայում դիզվառելիքի էտալոնային ֆյուչերսների գինն ընկել է մինչև 1377 դոլար՝ մեկ մետրիկ տոննայի դիմաց։

«Ամբողջ էներգետիկ համալիրը գնանկում է ապրում, հատկապես դիզելային վառելիքի հատվածը։ Սա պայմանավորված է նրանով, որ Եվրամիության երկրները քննարկում են նավթի և վառելիքի ռազմավարական պաշարների օգտագործումը՝ շուկայական դեֆիցիտը մեղմելու և ԱՄՆ-ում դիզվառելիքի արտահանման հնարավոր արգելքը կանխելու համար», — իրավիճակը մեկնաբանել է Saxo Bank-ի փորձագետ Օլե Հանսենը։

Կիսվել սոց․ ցանցերում