Հայաստանում արտադրվող կաթնամթերքում վերջին շրջանում աղիքային ցուպիկի խմբի մանրէների վտանգավոր շտամներ չեն հայտնաբերվել, ինչպես նաև սննդամթերքով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ կաթնամթերք արտադրող և իրացնող կազմակերպություններում պարբերաբար իրականացվում են վերահսկողական միջոցառումներ, իսկ հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների և մանրէաբանական անհամապատասխանությունների մասին հանրությունը տեղեկացվում է։
ՍԱՏՄ-ից պարզաբանել են, որ աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայությունը կարող է վկայել արտադրության ընթացքում սանիտարահիգիենիկ պայմանների խախտումների կամ ախտահանման թերությունների մասին։ Սակայն այդ խմբի ոչ բոլոր մանրէներն են հիվանդածին, և դրանց հայտնաբերումը դեռևս չի նշանակում առողջության համար անմիջական վտանգ։
Տեսչական մարմինը վստահեցնում է, որ շարունակում է վերահսկողությունը՝ համագործակցելով առողջապահական կառույցների հետ՝ սպառողների անվտանգության ապահովման նպատակով։
