Չի նշանակում, որ պաշտոն չունենք, ուրեմն ասելիք չունենք

Չի նշանակում, որ պաշտոն չունենք, ուրեմն ասելիք չունենք։
Մեր ասելիքը հստակ է և աներկբա․ հանրաքվե պետք է լինի, և ժողովուրդը պետք է ընտրի Հայաստանի Սահմանադրությունը։
Իսկ «հրաժարական կտամ, չեմ տա» հայտարարությունները ձեր քաղաքական առևտուրն են, դրա տերը դուք եք։ Իսկ Սահմանադրության տերը մենք ենք՝ ժողովուրդը։ Եվ այո՛, հանրաքվե պետք է լինի։
Սահմանադրությունը քաղաքական գործարքի առարկա չէ․ Փաշինյանի առաջարկը՝ նոր հարցերի առաջ
«ՆՈՐ ԲԱՐՔԵՐ» քաղաքական ճարտարապետության և «Ժողովրդի ձայնը լսելի է» նախաձեռնության հեղինակների անդրադարձը
2026 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով մերժվի, ինքը հրաժարական կտա, իսկ եթե ընդունվի, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չի առաջադրվի։
Այս հայտարարությունը քաղաքական լուրջ քննարկման առիթ է։
Մենք՝ «ՆՈՐ ԲԱՐՔԵՐ» քաղաքական ճարտարապետության և «Ժողովրդի ձայնը լսելի է» նախաձեռնության հիմնադիրներս՝ Վանիկ Նիկոյանը, Սուրեն Օքմինյանը և Գագիկ Բալասանյանը, գտնում ենք, որ այստեղ քննարկման առարկան չպետք է լինի միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական հեռանկարը։
Խոսքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, պետականության շարունակականության, ժողովրդի ինքնիշխան կամքի և քաղաքական պատասխանատվության մասին է։
Պարո՛ն Փաշինյան,
Մենք գնահատում ենք, երբ իշխանությունը պատրաստակամություն է հայտնում ժողովրդի որոշմանը ենթարկվելու։ Բայց ցանկանում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման հարցը կապվում մեկ քաղաքական գործչի պաշտոնավարման հետ։
Եթե ժողովուրդը ցանկանում է նոր Սահմանադրություն, արդյո՞ք դա ինքնաբերաբար նշանակում է, որ վստահում է գործող իշխանությանը։
Իսկ եթե ժողովուրդը դեմ է ներկայացված Սահմանադրության նախագծին, արդյո՞ք դա անպայման նշանակում է, որ պահանջում է Ձեր հրաժարականը։
Սահմանադրության վերաբերյալ քվեն և իշխանության նկատմամբ վստահության քվեն տարբեր քաղաքական հարցեր են։ Դրանք մեկ հանրաքվեի շրջանակում միավորելը կարող է խաթարել հանրային ընտրության բովանդակությունը։
Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին և գտնում ենք, որ դրանց անհրաժեշտությունն իսկապես կա։ Ավելին՝ պատրաստ ենք քննարկել այնպիսի փոփոխություններ, որոնք կուժեղացնեն պետական ինստիտուտները, մարդու իրավունքների պաշտպանությունը, արդարադատության անկախությունն ու իշխանության հաշվետվողականությունը։
Բայց նախ պետք է հրապարակվի նախագիծը, ներկայացվեն փոփոխությունների հիմնավորումները, բացահայտվեն հնարավոր հետևանքները և ապահովվի իրական հանրային քննարկում։
Հայաստանի Սահմանադրությունը պետք է գրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այլ ոչ թե որևէ իշխանության կամ ընդդիմության։
Առանձին հարց է խաղաղության օրակարգը։
Մենք խաղաղության դեմ չենք։ Մենք դեմ ենք այն մոտեցմանը, երբ քաղաքացին չի ստանում բավարար բացատրություն, այլ միայն հրաժարականի մասին հայտարարություններ է լսում։
Հիմա դիմենք նաև խորհրդարանական ընդդիմությանը։
Տարիներ շարունակ իշխանության հեռացման պահանջ ներկայացնելը դեռ բավարար չէ։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու նաև, թե ինչ սահմանադրական, քաղաքական և պետական կառավարման ճանապարհ եք առաջարկում։
Եթե մերժում եք Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ներկայացրե՛ք ձեր հիմնավորումները, այլընտրանքային լուծումները և պետականության համար նախատեսած գործողությունների ծրագիրը։ Թողե՛ք մի կողմ Ալիևին։
Միևնույն ժամանակ ընդգծենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ամբողջ ընդդիմությունը չէ։
Հայաստանում կան անկախ քաղաքական և քաղաքացիական ուժեր, որոնք չեն գործում ո՛չ իշխանության, ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմության քաղաքական ենթակայությամբ։ Մենք դրա վառ օրինակն ենք, սիրելի՛ ժողովուրդ։
Մենք այդ անկախ ձայներից մեկն ենք։
Մեր սկզբունքը պարզ է։
Ընդդիմադիր լինելը չի նշանակում լինել պետության թշնամի։
Իշխանության ճիշտ աշխատանքը գնահատելը չի նշանակում հրաժարվել ընդդիմադիր դիրքորոշումից։
Իսկ իշխանությանը քննադատելը չի նշանակում մերժել պետության համար օգտակար յուրաքանչյուր նախաձեռնություն։
Մենք պատրաստ ենք ողջունել ցանկացած հիմնավորված և հանրօգուտ սահմանադրական բարեփոխում՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը։ Եվ նույնքան պատրաստ ենք հրապարակայնորեն քննադատել ցանկացած նախագիծ, որը կարող է վտանգել պետական շահը կամ սահմանափակել քաղաքացիների իրավունքները։
Մեր առաջարկը հստակ է։
Նախ հրապարակել Սահմանադրության ամբողջական նախագիծը, ապահովել մասնագիտական ու հանրային բաց քննարկում, ներկայացնել արտաքին քաղաքական հնարավոր հետևանքները և գործընթացը տանել դեպի հանրաքվե։
Եվ այո՛, դա աներկբա է․ ժողովուրդը պետք է քվեարկի իր Սահմանադրության վերաբերյալ։
Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը քննարկել որպես առանձին քաղաքական պատասխանատվության խնդիր՝ առանց այն Սահմանադրության ընդունման նախապայման դարձնելու։
Պարո՛ն Փաշինյան,
Ձեր պաշտոնը ժամանակավոր է։
Խորհրդարանական ընդդիմության մանդատները նույնպես ժամանակավոր են։
Բայց Հայաստանի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտներն ու Սահմանադրությունը պետք է ծառայեն ոչ թե մեկ քաղաքական ժամանակաշրջանի, այլ սերունդներին։ Եվ այդ քվեարկության գլխավոր որոշում կայացնողը ժողովուրդն է, որը պետք է քվեարկի։
Եվ վերջում մեր հարցը բոլորին՝
Մենք նոր Սահմանադրությո՞ւն ենք քննարկում, թե՞ իշխանության և խորհրդարանական ընդդիմության միջև քաղաքական պայմանավորվածություն։
Ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե իրականում ինչի վերաբերյալ է իրեն առաջարկվելու որոշում կայացնել։
Մենք շարունակելու ենք այս գործընթացի հանրային վերահսկողությունը՝ անկախ քաղաքական դիրքերից և անձերից։
Չի նշանակում, որ պաշտոն չունենք, ուրեմն ասելիք չունենք։
Նոր Բարքեր Լինելու են։
Հարգանքով՝
Վանիկ Նիկոյան
Սուրեն Օքմինյան
Գագիկ Բալասանյան
«ՆՈՐ ԲԱՐՔԵՐ» քաղաքական ճարտարապետություն
«Ժողովրդի ձայնը լսելի է» նախաձեռնություն
Կիսվել սոց․ ցանցերում