Ցայտնոտ Մասիսի ՔՊ շտաբում և նոր մանրամասներ Աբրահամ Շահվերդյանի շուրջ. ինչո՞ւ են թիմակիցները շփվում միայն WhatsApp-ով:
Աբրահամ Շահվերդյանի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումից հետո Մասիսի ՔՊ նախընտրական շտաբում իրական իրարանցում և ցայտնոտ է սկսվել։ Շտաբի ներսում թեմայի շուրջ ծավալվել են բազմաթիվ քննարկումներ և շահարկումներ. ոմանք փորձել են շշուկներ տարածել, թե հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով փորձելով շրջանցել թեման։
Սակայն րոպեներ առաջ մեր խմբագրությանը հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ շտաբի ներսում տեղի է ունեցել առանձին քննարկում, որի ժամանակ մասնակիցներից մեկը (որի անունն այս պահին դիտավորյալ չենք հրապարակում) ուղիղ և հստակ հաստատել է, որ հրապարակված բոլոր տեղեկությունները 100 տոկոսով համապատասխանում են իրականությանը։
Ավելին, նույն քննարկման ընթացքում հնչել է մեկ այլ ուշագրավ փաստ ևս։ Մասնավորապես, նշվել է, որ Աբրահամ Շահվերդյանը ժամանակին այնքան մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Դավիթ Համբարձումյանի և նրա շրջապատի հետ, որ ընդհուպ նրա խնդրանքով վերանորոգվել և կահավորվել է բակային խաղահրապարակը։ Այդ տարածքի բանալին անգամ վստահվել և հանձնվել է հենց Աբրահամ Շահվերդյանին՝ մի պայմանով, որ նա պետք է հետևեր և պահպաներ խաղահրապարակի բարեկարգ վիճակը։ Սակայն հաշված հինգ օր անց նա հրաժարվել է կատարել այդ պարտավորությունը։
Մեր խմբագրությունը նպատակահարմար գտավ այս փոքր, բայց խոսուն դրվագը հրապարակել հենց հիմա՝ ի պատասխան այն շրջանակների, որոնք փորձում են կասկածի տակ դնել մեր աղբյուրների հավաստիությունը։ Սա ևս մեկ ապացույց է, որ խմբագրության տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը հստակ է, ստուգված և լիովին համապատասխանում է իրականությանը։
Իրավիճակն այնքան լարված է, որ շտաբի ներսում տիրող համատարած անվստահության պայմաններում թիմակիցներն անգամ խուսափում են միմյանց հետ ուղիղ հեռախոսազանգերով կամ բաց խոսակցություններով շփվելուց՝ նախընտրելով շշուկներն ու բացառապես WhatsApp հավելվածի միջոցով կատարվող զանգերը։ Ակնհայտ է, որ ՔՊ տեղական շտաբում տիրում է լիակատար անորոշություն և խուճապային տրամադրություն։
Հավելենք նաև, որ շատ շուտով մեր ընթերցողներին կներկայացնենք մեկ այլ՝ շատ ավելի լուրջ և սենսացիոն բացահայտում, որի մանրամասներն այս պահին ճշտվում են մեր հավաստի աղբյուրների միջոցով։ Հետևեք մեր հրապարակումներին։
