ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը։

Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 22։ Քվեարկությանը չմասնակցեց 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։

Վարման կարգով հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և նշեց, որ դրա քննարկումը հակասում է Սահմանադրությանը, և այն որևէ օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ստորագրել այն։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»,- ասաց Մամիջանյանը։

«Հայաստան» խմբակցության անունից էլ խոսեց Արծվիկ Մինասյանը և հայտարարեց, որ այն ներկայացված է հակասահմանադրական մասերով. «Ընդդիմությունը դեմ է արտահայտվել դրան։ Հակասահմանադրական այս նախագծին դեմ ենք և մեր խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու նախագծին։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: 

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ում՝ իր ելույթի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ամբողջությամբ։ 

Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքացիների համար արված հայտարարության մեջ էլ վարչապետը նշել էր, որ Հայաստանում  Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում