Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հերքել է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած այն հաղորդագրությունը, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
«Հայաստանում Եվրոպական միության առաքելության ոչ մի պարեկ կրակոցի թիրախ չի դարձել։ Մենք պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում և զեկուցում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների, ներառյալ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»,- ասվում է ԵՄ առաքելության տարածած հաղորդագրությունում։
«Հետքը» փորձեց այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հեռախոսն անհասանելի էր։
