Հոկտեմբերի 9․ Օրվա խոսք ` «ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՆՔ ԱՌ ԱՍՏՎԱԾ »
Опубликовано:
Դիտում ՝37 641
Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի: Եվ ահա շուտով գալիս եմ, և Իմ վարձքն Ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործը կլինի: Հայտնություն 22.11,12 Հիսուս Քրիստոսի այս խոսքերը վերաբերում են ինչպես վերջին ժամանակների եկեղեցուն, այնպես էլ յուրաքանչյուր մարդու: Մեր խոսքերով ասած՝ Հիսուսն այլևս ոչ ոքի չի համոզելու, որ հարկավոր է սրբվել. եկել է պատասխանատվության ժամը, և յուրաքանչյուր մարդ պետք է ընտրություն կատարի, թե ինչպիսի կյանքով է ուզում ապրել` սուրբ, թե պիղծ: Աստված արդեն ամեն ինչ արել է, որպեսզի մենք Երկինք գնանք: Նա տվել է Իր միածին Որդուն, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Այժմ ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը: Աստվածաշունչն ասում է. «Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, և արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի»: Մենք իրականում շատ քիչ ժամանակ ունենք այս երկրի վրա ապրելու, և շուտով տեսնելու ենք Տիրոջը: Ուստի, շատ կարևոր է, որ սրբենք մեր անձերը և պատրաստվենք Տիրոջ առջև պատվով կանգնելու: Շատ մարդիկ մեղքեր են գործում և մտածում են, թե ոչինչ էլ չի լինի: Սակայն Հիսուսը զգուշացնում է. «Եվ ահա շուտով գալիս եմ, և Իմ վարձքն Ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործը կլինի»: Հետաքրքիրն այն է, որ երբ մեղք ենք գործում, այլևս չենք կարողանում կանգ առնել, և անօրենությունը գնալով շատանում է մեր կյանքում: Թմրամոլը օր օրի ավելի է ընկղմվում թմրամոլության մեջ, հարբեցողը` հարբեցողության, շնացողը` շնության և այլն: Աստծո Խոսքն ասում է, որ այդպես էլ թող սուրբը ավելի ու ավելի սրբվի: Սիրելինե’ր, Տիրոջ գալուստը մոտ է: Եկեք այնպես ապրենք, որ համարձակ կարողանանք ասել. «Ամեն: Ե’կ, Տե’ր Հիսուս»:
Մենք համարձակությամբ ենք գալիս Աստծո աթոռի մոտ, որովհետև այն շնորհի աթոռ է։ Մենք Նրա աթոռին չենք մոտենում մեր արժանիքների հիման վրա, այլ գալիս ենք Հիսուսի անունով՝ փառաբանությամբ և գոհությամբ ու առանց դատապարտության։ Մենք համարձակությամբ ենք գալիս, որովհետև Աստված է մեզ թույլ տվել, որ մոտենանք։ Եբրայեցիների թղթի հեղինակը գրում է. «Համարձակություն ունենք սրբարան մտնելու Հիսուսի արյունով» (Եբրայեցիներին 10:19)։ Երբ աղոթում ենք Աստծուն, մենք երբեք չպետք է դատապարտությամբ մոտենանք Նրան։ Դատապարտությունը աղոթքի պատասխանի մեծագույն թշնամիներից մեկն է։ Իսկ դատապարտության հիմնական աղբյուրը ինքնաարդարացման փնտրտուքն է։ Եթե զգում ենք, որ ինքներս մեզ պետք է արդարացնենք, ապա մենք երբեք չենք կարող անել այդ այնպես, որ բավարարված մնանք։ Պետք է ժամանակ գա, երբ մենք մի կողմ կդնենք ինքնաարդարացման ամեն մի փորձ ու պարզապես կասենք. «Ես հավատքով ընդունում եմ Հիսուսի արդարությունը, որն իր հանդեպ ունեցած իմ հավատքի միջոցով ինձ է վերագրված՝ համաձայն Աստծո Խոսքի։ Ես ո՛չ կցուցադրեմ իմ լավ գործերը, և ո՛չ էլ կշիկնեմ իմ վատ արարքների համար։ Ես համարձակությամբ կգամ Աստծո գահի մոտ, որովհետև այն շնորհի աթոռ է։ Ես անընդհատ չեմ քննի իմ սիրտը՝ որոշելու, թե արդյոք բավականաչափ լա՞վն եմ։ Ես կվստահեմ Աստծուն, որ Հիսուսի արյունն ինձ մաքրել է ամեն մեղքից։ Եվ համարձակությամբ կմոտենամ գահին՝ ուղիղ դեպի սրբարան»։ Սա մուտքի փառահեղ միջոց է։ Սուրբ Գիրքն ասում է. «Նրան ճշմարիտ սրտով մոտենանք, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված» (Եբրայեցիներին 10:22)։ Չար խղճմտանքը մեզ հետ կպահի արդյունավետ աղոթքից։ Մենք պետք է թույլ տանք, որ Հիսուսի արյունը կիրառվի մեր սրտերի վրա, և լիակատար համոզվածությամբ ընդունենք այն փաստը, որ ներված ենք, մաքրված շնորհիվ այն բանի, ինչ Հիսուսն արեց, իսկ հետո համարձակությամբ գանք Ամենակարող Աստծո ներկայության մեջ։