Չափազանց բարդ է «նստեցնել» այն միտքը, որ Հայաստանի պետականության ապագան հանրային ենթագիտակցությունն ու աշխարհընկալումը իր ճնշող գերակշռությամբ դեպի «ներս» ուղղելն է, ներս բերելը

Ասածս անշուշտ խիստ սուբյեկտիվ է, բայց՝ կասկածում եմ, թե որեւէ այլ հանրություն այդպես անհագուրդ սպառի եւ «վերին ատյանի» ճշմարտության պես «կուլ» տա օտարերկրյա որեւէ քարոզչություն, ընդ որում կապ չունի, թե որտեղից՝ հյուսիսից, հարավից, արեւելքից, թե արեւմուտքից:
Սակայն, դրա պատճառն էլ թերեւս այն է, որ ոչ մի այլ երկրի քաղաքական դաս իր գործունեության հաջողությունը այդքան եւ այդպես չի փնտրում օտար երկրներում, որքան հայկական քաղաքական դասը:
Ու, քանի որ իրենց հաջողությունը փնտրում են Հայաստանի սահմանից դուրս, բնական է, որ Հայաստանի ընտրողին էլ խոշոր հաշվով պետք է կողմնորոշեին դեպի դրսերը, որպեսզի այդ կողմնորոշումը դարձնեին դրսում իրենց անհրաժեշտ փոխարկելի կապիտալ: Որոշակի ժամանակահատվածից ի վեր այդ իրողությունը պետք է նստեր արդեն հանրային ենթագիտակցության եւ ընդհուպ հոգեկերտվածքի մեջ:
Եվ բնականաբար այդ պայմաններում չափազանց բարդ է «նստեցնել» այն միտքը, որ Հայաստանի պետականության ապագան հանրային ենթագիտակցությունն ու աշխարհընկալումը իր ճնշող գերակշռությամբ դեպի «ներս» ուղղելն է, ներս բերելը:
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում