Զոլաքար գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում. 1 անձ էլեկտրահարվել է և հիվանդանոցի ճանապարհին մшհшցել

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում անասնագոմ է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:Պարզվել է, որ Զոլաքար գյուղի բնակիչ՝ 61-ամյա Նորիկ Ա.-ն ժամը 04:30-ի սահմաններում իրեն պատկանող անասնագոմում նկատել է, որ տանիքում հոսանքի լարերի կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, ինչի ժամանակ վերջինս էլեկտրահարվել է և Մարտունու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայում, մահացել:Նշված վայրից տարբեր աստիճանի այրվածքներով շտապօգնության ավտոմեքենայով Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Ասատուր Ս-ն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները առանց խոչընդոտի կարողանան աշխատել:Պարզվել է, որ այրվել են անասնագոմի մոտ 160 քառակուսի մետր տանիքի փայտյա կառուցատարրերը, ծխահարվել է մոտ 10 հավ և 1 գառ:Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայր է ժամանել նաև Մարտունու դատախազը:

Կիսվել սոց․ ցանցերում