ՌԴ Ուսուրիյսկի տարածքները՝ հեղեղված ուժեղ ջրհեղեղների հետևանքով, հայտնվել են նոր աղետի առաջ՝ նավթի արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է Readovka թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ այժմ քաղաքի բնակիչները ստիպված են քայլել ոչ միայն ջրի միջով, այլև նավթամթերքի մութ ջրափոսերի միջով, որոնք դժվարությամբ են մաքրվում մաշկից ու հագուստից։
Պրիմորիեի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մազութը ջրի մեջ հայտնվել է միկրոշրջաններից մեկում ամբարտակի ճեղքման պատճառով, որից հետո այն տարածվել է գրեթե ամբողջ քաղաքում։
Ուսուրիյսկի վարչակազմը հայտնել է, որ արտահոսքը վերացվել է, սակայն, տեղի բնակիչների խոսքերով, նավթի սև հետքերը դեռևս մնացել են։ Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքները բնակչության տարհանման ուղղությամբ։