ԱՄՆ-ը ՀՕՊ համակարգեր, հրետանի և զինամթերք կփոխանցի Իսրայելի պաշտպանության բանակին։
Այս մասին հայտնում է Defence News մասնագիտացված հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։
«Խոսքը զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է: Մենք մտադիր ենք մշտապես մատակարարել երկուսն էլ Իսրայելի պաշտպանության ուժերին»,- լրագրողներին ասել է պաշտոնյան Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ Իսրայել այցից առաջ:
Պենտագոնի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելին նաև կտրամադրի ճշգրիտ կառավարվող զինամթերք և հրթիռներ Իսրայելի Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի համար։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչ զինամթերք և ինչ քանակությամբ է փոխանցվելու։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարության պաշտոնյան ընդգծել է, որ «Իսրայելի խնդրանքը՝ լրացուցիչ Iron Dome համակարգի վերաբերյալ, ըստ երևույթին, «կքննարկվի՝ ի հավելումն այն ամենի, ինչ Իսրայելն արդեն պատվիրել է»։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն զենքի շտապ մատակարարում է իրականացնում Իսրայելին Մերձավոր Արևելքի հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի պատճառով, սակայն կշարունակի աջակցել Ուկրաինային։
