Գերմանա-հայկական haypress.de կայքը ներկայացրել է բաց նամակ՝ ուղղված Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին։ Նամակը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ Տիկին Բերբոք, այն պահից սկսած, երբ Դուք ստանձնել եք մեր երկրի՝ Գերմանիայի ԱԳՆ-ի պատասխանատու աշխատանքը, Ձեր ձայնն այլևս չի կարող անտեսվել աշխարհում։ Դուք մասնավորապես բարձր մակարդակով նորից ու նորից խոսում եք երեխաների ճակատագրի, կյանքերի մաասին, որոնց սպառնում են պատերազմը, ռասիզմը և սովը։ Յադ Վաշեմ (խմբ. Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակին կառուցված պաշտոնական հուշարձան) կատարած այցի ժամանակ Ձեր շունչը կտրվեց սպանված երեխաների բազմաթիվ լուսանկարներից։ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անթիվ երեխաների տառապանքները, որոնք սովի պատճառով գոյատևման եզրին են, նույնպես Ձեր ուշադրության կենտրոնում են, հատկապես նրանից հետո, երբ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն այլևս չի կարող շարունակվել: Այն, որ դուք՝ որպես նախարար, շարունակում եք կարեկցանքով խոսել այս հարցերի շուրջ, անկասկած կապված է նաև նրա հետ, որ Դուք մայր եք: Սովն ավելի վատ է, քան պատերազմը: Ես այս նամակը գրում եմ Ձեզ այսօր և՛ որպես մայր, և՛ որպես մարդ, որը տարիներ շարունակ զբաղվել է Լիբանանում պատերազմական և հետպատերազմյան տարիներին հայ երեխաներին օգնելու գործով: Այդ երեխաները հայերի ժառանգներն են, որոնց օսմանյան սուլթանն ու երիտթուրքական կառավարությունն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ համակարգված ոչնչացրել են իրենց հազարամյա հայրենիքում (մոտ 1,5 մլն մարդ)։ Սովը նրանց ամենադաժան, բայց հաջողակ զենքերից մեկն էր։ Հայ ժողովրդի ցեղասպանության պատմությունը կարծես թե կրկնվում է նաև այսօր՝ 2023 թվականին։ Այն, որ Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, դաժան, արհամարհական արարք է։ Այնտեղ ապրող 120 հազար հայերն արդեն ութ ամիս սննդի և բժշկական օգնության հասանելիություն չունեն։ Բացի այդ, օրական մի քանի ժամով դադարեցվում է գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այս ամիս Նյու Յորքում Լեռնային Ղարաբաղում հայերի վիճակի մասին փորձագիտական զեկույցից կներկայացնեմ միայն մեկ նախադասություն, որն ասել է Լուիս Մորենո Օկամպո՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ: «Դիակիզարաններ չկան, ինչպես չկան մաչետեով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների՝ հայերի այս խումբը կոչնչացվի մի քանի շաբաթից»։ Հարգելի արտաքին գործերի նախարար, խնդրում եմ բարձրացրեք Ձեր ձայնն՝ ի պաշտպանություն վտանգի տակ գտնվող այս մարդկանց»: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։ Подробнее: https://shabat.am/am/article/313107/Bac-namak—moric-mory.-sovy-
Կիսվել սոց․ ցանցերում