ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փորձել է կապ հաստատել Ադրբեջանի գործընկերոջ հետ, սակայն՝ ապարդյուն, արձաանք չի եղել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մանասյանը՝ նշելով, որ Ադրբեջանում բանտարկված հայերի անմեղության կանխավարկածի սկզբունքները բոլոր մակարդակներում ի սկզբանե խախտվում են։
«Հենց սկզբից նրանց պիտակավորում են որպես հանցագործ՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ քաղաքացիների կողմից: Անհնար է երաշխավորել, որ Ադրբեջանում կկայանա գործերի արդար քննություն»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։
Նա հավելել է, որ ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների մարմինները։
«Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք»,- ասել է ՄԻՊ-ը՝ նշելով, որ այս մասին տեղեկացրել է միջազգային բոլոր գործընկերներին:
Ըստ Մանասյանի՝ փաստերը ներկայացվել են նաև Հաագայի դատարան։
