Հերթական ողբերգական դեպքը` Երևանում կառուցվող էլիտար շենքում. փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել 3 օր որոնվող տղամարդու դ ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 27/7 հասցեում կառուցվող շենքի վերելակի հորանում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16-րդ փրկարարական ջոկատից՝ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադմիրի Դերձյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել  են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Փրկարարները նոր կառուցվող շենքի վերելակի հորանից դուրս են բերել Երևանի բնակիչ 66-ամյա Ավետիք Վ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը 3 օր է որոնվում էր որպես անհետ կորած:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դին փրկարարները դուրս են բերել և մոտեցրել դիատարին:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/10/23/1248656?fbclid=IwAR1askoK2wzCmCQoKyaXTi3uCkAn3HqpMqt9FTXXTFTkI7ySbh4cQMO7b-w

Կիսվել սոց․ ցանցերում