Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերի 29-ը համազգային սգո օր է հայտարարել:
Կարագանդայի Կոստենկոյի հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, իսկ 14 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ պատահարի հետեւանքով 28 մարդ է մահացել։
«Ժամը 16:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 13:00-ի դրությամբ՝ ՏԱՍՍ) Կոստենկոյի հանքավայրում հայտնաբերվել է 32 մահացածի դի, 14 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի Կարագանդայի հանքում պայթյուն էր եղել:
Վթարից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է դադարեցնել ներդրումային համագործակցությունը Arcelormittal Temirtau ընկերության հետ, որը հանրապետության հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտում ամենամեծ ձեռնարկությունն է և հանդիսանում է անդրազգային մետալուրգիական Arcelormittal խմբի մաս:
