ԼՂ բնակիչները օգտվում են ՀՀ-ում առկա ամենամեծ բժշկական փաթեթից, որը պետական պատվերի շրջանակում է. Ավանեսյան

«Իրավիճակը վերահսկելի է: Մենք ունենք բռնկում, կարող եմ ասել, որ այս պահին դեպի ավելի մարում է գնում բռնկումը, բայց դրանից մեր զգոնությունը չի իջնում: Հնարավորինս բոլոր բժշկական կենտրոններում այն սիմպտոմները, որոնք կարող են լինել նաև կարմրուկի պարագայում, հետաքննվում են, և արվում են հետազոտման աշխատանքները, որպեսզի հանկարծ որևէ դեպք բաց չթողնենք»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա ցավով նշեց, որ ունեցել ենք նաև երեխայի մահվան դեպք. «Բալիկը պատվաստված չի եղել և ունեցել է այլ հիվանդություններ, որոնք իրավիճակը շատ ավելի բարդացրել են: Հորդորում եմ իմունիզացիոն ծրագրով երեխաների պատվաստումները չուշացնել և ճիշտ ժամանակին ստանալ, որպեսզի նման դեպքեր չունենանք»:

Հարցին, թե քանի՞ տոկոս է կազմում ՀՀ-ում երեխաների պատվաստվածության քանակը, Ավանեսյանը պատասխանեց, որ մինչ քովիդյան ժամանակները՝ 93-94 տոկոս:

«Քովիդի ժամանակ բավական իջել էր, մենք 2022 թվականին վերականգնել ենք մեր ցուցանիշները: Խնդիր ենք դրել, որ Կառավարության ծրագրով պիտի հասնենք 96-97 տոկոսի»,- ասաց Ավանեսյանը և հավելեց. «Քովիդի որևէ նոր շտամպ չկա, դրանք օմիկրոնի տարբեր ենթաշտամերն են: Լինում է, երբ գրիպը և քովիդը համատեղ են լինում անձի մոտ, և դա շատ ավելի բարդ ընթացք է ունենում: Քովիդի մասով անհանգստացնող իրավիճակ չունենք, բայց եթե ունեք աշխտանշաններ, պետք է հնարավորինս քիչ մարդկանց հետ շփվել, բայց դա վերաբերում է ինչպես քովիդին, այնպես էլ գրիպին, առավել ևս կարմրուկին և այլ վարակիչ հիվանդություններին»:

Առողջապահության նախարարը, անդրադառնալով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ասաց, որ հենց առաջին օրվանից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնություն. «Մեր նպատակն է նրանց հասանելի դարձնել ամբողջական մաքսիմալ փաթեթը, որ կա ՀՀ-ում, արդեն ունենք 51 հազարից ավելի քաղաքացիներ, որոնք գրանցվել են ամբուլատորիաներում և պոլիկլինիկաններում, և, այո, նրանք օգտվում են ՀՀ-ում առկա ամենամեծ բժշկական փաթեթից, որը պետական պատվերի շրջանակներում է իրականացվում»:

Անահիտ Ավանեսյանը նաև նկատեց՝ բուժաշխատակիցներին աշխատանքով ապահովելու մասով աշխատանքներ են տարվում. «Այս ամսով էլ աշխատանքները ընթանում են: Մենք մոտ 400 բուժաշխատողների համար վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպել, օրենքի փոփոխություն ենք նախաձեռնել, որը առաջիկայում կընդունվի, և նրանց համար հավաստագրման պահանջը հետաձգել ենք մեկ տարով»:

Կիսվել սոց․ ցանցերում