Վերանայեք Երևան քաղաքի կրճատված գումարը, լուրջ խնդիր ենք ունենալու․ Լիլիթ Կիրակոսյանը՝ Սանոսյանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն այսօր Ազգային ժողովում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց վերանայել այն բյուջեն, որով կրճատել են Երևան քաղաքի գումարը։

«Երևանը հիմնական կորիզն է, այստեղ ապրում է ՀՀ-ում բնակվող մեծ տոկոսը։ Պատկերացրեք, որ քաղաքը զարգանում է, և ենթակառուցվածքները ևս զարգանում են, և մենք 8 միլիարդ պակասեցնում ենք շատ արագ տեմպով զարգացող քաղաքից։ 3,2 միլիարդը միայն ասֆալտի մասին է, մյուս ենթակառուցվածքները ինչպե՞ս ենք կարողանալու զարգացնել։ Որքան էլ համաչափ զարգացման մասին խոսում ենք, միայն տեսլականով առաջնորդվելով ու այս պարագայով գումարը պակասեցնելով՝ մայրաքաղաքին վերաբերող գումարի հետ կապված, ես պետք է խնդրեմ, որ կրկին վերանայում անեք, որովհետև կարծում եմ, որ կարճ ժամանակ հետո մենք բողոքելու ենք, որ քաղաքապետարանը լավ չի աշխատում, որքան էլ քաղաքապետարանը ուզենա շատ լավ աշխատի։ Մենք խնդիրներ ենք ունենալու և կասեցնելու ենք այն բոլոր ենթակառուցվածքները, որոնց մենք տեմպ ենք տվել և փորձել ենք առաջ գնալ։ Վստահաբար ասում եմ, որ սա մեծ խնդիրներ է բերելու և առաջացնելու հետագայում»,- ասաց պատգամավորը։

Նախարարը նկատեց՝ յուրաքանչյուր պատգամավոր գովում է կա՛մ մարզին, կա՛մ Երևանին, բայց նախարարությունը երկուսի մասին է։ Տարընթերցումից խուսափելու համար վերջինս պարզաբանեց, որ Երևանին գումար տրամադրողը ՏԿԵ-ն չէ։

«Մենք հաշտ-համերաշխ բոլորով աշխատում ենք։ Նախ Երևանի բյուջեի հետ կապված, թե ինչքան գումար է պետք, մենք Երևանի համայնքապետարանի հետ միասին գումար ենք ուզում Կառավարությունից, այսինքն՝ մենք Երևանի հետ միասին գումար ուզողն ենք, ՏԿԵ-ն Երևանին գումար չի տվել։ Երևան համայնքը ևս մի քանի ծրագիր է ներկայացրել, որոնց Կառավարությունում քննարկման ժամանակ գործընկերները որոշ ծրագրերին համաձայնություն տվել են, որոշներին՝ չէ, իրենց միտքը եղել է՝ փոքր ծրագրեր չֆինանսավորենք, խոշոր ծրագրեր ֆինանսավորենք, դրա համար Իսակովի, Մետրոյի համար համաձայնել են տրամադրել գումար, մյուսներին՝ չէ։ Կշարունակենք աշխատել, քննարկել»,- պատասխանեց նախարարը։

Կիրակոսյանը, սակայն, արձագանքելով վերջինիս, կրկին նկատեց, որ մայրաքաղաքի գումարը կրճատելու հետևանքով լուրջ խնդիրներ են ի հայտ գալու․ «Երևան քաղաքում, բացի խոշոր ծրագրերից, իրականցվում են ամենօրյա կտրվածքով խոշոր ծրագրեր։ Ես խոսում եմ ամենօրյա կտրվածքով ծրագրերից Երևան քաղաքում, որտեղ բնակվում են մեկ միլիոնից ավելի բնակիչներ, որտեղ ենթակառուցվածքները ավելի արագ են զարգանում։ Երևանը չդիտարկենք միայն մեծ ծրագրեր իրականացնող քաղաքի։ Երևանը դիտարկենք աճող բջջի, օրգանիզմի։ Ինչքան էլ խոսենք համաչափ զարգացման մասին, մենք այս կարևորագույն մասը Երևանի մասով չենք կարող աչք փակել»։

ՏԿԵ նախարարն էլ ընդգծեց՝ հարցը կքննարկվի Երևանի, Ֆինանսների նախարարության, Կառավարության մյուս գործընկերների հետ։ Բյուջեն շատ արագ տեմպով զարգանում է, ինչի շնորհիվ հնարավոր է լինում իրականացնել խոշոր ծրագրեր։ Այս պարագայում լուծում ևս կգտնվի։

Կիսվել սոց․ ցանցերում