Շուտով կդադարեցվի Google Chrome-ի աջակցությունը Android-ի հին տարբերակներում

 

Google-ը նախազգուշացում է տեղադրել իր կայքում, որով տեղեկացրել է, որ շուտով Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերում կդադարեցվի Chrome բրաուզերի աջակցությունը։

Chrome-ի 120 տարբերակի նկարագրությունում, որի թողարկումը սպասվում է 2023-ի դեկտեմբերի 6-ին, ասվում է, որ բրաուզերը կկորցնի Android 7 Nougat օպերացիոն համակարգի աջակցությունը։ Chrome-ի վերջին տարբերակը, որը կաջակցի Android 7 Nougat-ին, կլինի Chrome 119-ը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Google-ը դադարեցրեց Android 6 Marshmallow-ի աջակցությունը՝ Chrome 107-ի թողարկմամբ:

Android-ի համար Chrome-ի առաջին տարբերակը թողարկվել է 2012-ի վերջին՝ Chrome 18-ի թողարկմամբ: Միևնույն ժամանակ, Android 7 Nougat-ը հասանելի դարձավ 2016-ին Google Pixel սմարթֆոնի հետ միասին։

Ներկայում Android-ի օգտատերերի միայն 2,6%-ն է օգտվում 7.0 Nougat կամ 7.1 Nougat օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներից, մինչդեռ Android 13-ը Android-ի առաջատար տարբերակն է՝ այն տեղադրված Android-ով աշխատող սարքերի 22,4%-ի վրա:

Նշենք, որ Chrome-ը չի դադարի աշխատել Android-ի հին տարբերակների վրա, երբ դադարեցվի  աջակցությունը, այն պարզապես այլևս թարմացումներ չի ստանա:

Կիսվել սոց․ ցանցերում